Ֆիլիպ Կալտենբախ. «Ոչինչ աշխարհում չի կարող հարցականի տակ դնել Արցախի ժողովրդի ձգտումը»
«Արցախի ժողովուրդն արդեն ընտրություն է կատարել, որը տարել է անկախության։ Այդ ազատության ու անկախության համար այդ ժողովուրդը նույնիսկ թանկ գին է վճարել։ Եւ ոչինչ աշխարհում չի կարող հարցականի տակ դնել այդ ժողովրդի ձգտումը՝ կառուցել ազատ, անկախ երկիր՝ հիմնված համընդհանուր արժեքների վրա, որոնք նաեւ կիսվում են առաջատար պետությունների կողմից»,-այսօր ԼՂՀ ազգային ժողովում հայտարարել է Ֆրանսիայի հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը։
Նա ընդգծելով ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորումը, նշել է, որ այն պետք է հիմնված լինի ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա։
Ֆիլիպ Կալտենբախը միաժամանակ հույս է հայտնել, որ շուտով Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպմանը եւս մեկ առիթ կլինի, որպեսզի «Ֆրանսիայի նախագահը վերստին հաստատի այն համոզմունքը, որ բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի ղարաբաղյան հիմնահարցը՝ հիմնված լինելով Արցախի անկախության ճանաչման սկզբունքի վրա»։
Ընդգծելով բանակցային գործընթացին Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը, ֆրանսիացի պատգամավորը կարեւորել է խաղաղության հաստատումը տարածաշրջանում, այդ թվում՝ Արցախում։
«Բոլորիս ցանկությունն է պատերազմի վտանգի հեռացումը Արցախի սահմաններից, որը կնպաստի այս երկրի՝ էլ ավելի մեծ թափով զարգացմանը։ Իսկ այդ վտանգի ականատեսը դարձանք նաեւ անցած հուլիս-օգոսոտոս ամիսներին եւ հասկացանք, որ այն դեռեւս կա»,-հավելել է նա։