Ընդդիմությանը մեղադրելու են

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ խոսելով ներքաղաքական իրավիճակից, ասաց, որ եթե ընդդիմությունը չմասնակցի սահմանադրական բարեփոխումներին, իսկ իշխանությունը անցկացնի այն տարբերակը, որը կմշակվի հանրային քննարկումների միջոցով, որոնք անշուշտ բավարար չեն՝ լիարժեք հասարակական վստահություն ստանալու առումով, այդ դեպքում ընդդիմությանը մեղադրելու են, որ չփորձեց ամեն ինչ անել՝ այն փոխելու համար.

«Ընդդիմությունը պետք է իր հեռանկարում դիտարկի այն իրավիճակը, որ հասարակությունից լսվելու են նաև քննադատության ձայներ, թե ինչու չփորձեց փոխել Սահմանադրության բարեփոխման տարբերակը»,- նշեց նա:

Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ երբ ընդդիմությանը հարցնում ես, թե ինչո՞ւ չեն մասնակցում, նրանց թվում է՝ առաջարկում ես համագործակցել իշխանությունների հետ:

Ըստ նրա՝ խոսքը ամենևին համագործակցության մասին չէ, այլ՝ սեփական առաքելությունը կատարելու: Սահմանադրական փոփոխությունների գործընթացին մասնակցելը ամենևին չի նշանակում գնալ գործարքի կամ համագործակցության:

Հասարակությունը այդքան էլ շատ գլուխ չի հանում Սահմանադրության բովանդակությունից կամ հնարավոր լուծումներից, հետևաբար՝ սպասել, որ հասարակությունը կարևորելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և ընդդիմության շուրջ մոբիլիզացվելու է՝ դեմ ասելու համար, արդարացված սպասում չէ:
Նա կարծում է, որ այս իրավիճակում իշխանության որդեգրած ռազմավարությունը՝ իր շահերի տեսանկյունից, շատ ավելի տրամաբանված է:

Տեսանյութեր

Լրահոս