Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1714-րդ խաչը
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում ս/թ. սեպտեմբերի 28-ին, ժ.14.00-ին տեղի կունենա Խաչադրման արարողություն. Սուրբ Խաչի վրա կտեղադրվի 1714-րդ խաչը` հաջորդաբար խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման տարիքը:
Համաժողովրդական տոնախմբությունը սկսվելու է հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից 1714-րդ խաչի օծման արարողությամբ, այնուհետև խաչը թափորով, ժողովրդի ձեռքերի վրա, միմյանց փոխանցելով, կբարձրացվի և կամրակցվի Սուրբ Խաչին:
Տոնախմբությանը կմասնակցեն և իրենց կատարումներով ժողովրդին կոգևորեն հանրապետության անվանի երգիչ-երգչուհիներ, բեմական և պարարվեստի գեղարվեստական խմբեր: Ամենուր կհնչի զուռնան ու դհոլը, քոչարին կգոտևորի Արագածի լանջերը: Այնուհետեւ Միասնության շուրջպարն է օղակելու Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանը:
Խաչադրմանը հրավիրված են նաեւ հասարակական, գիտական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան այրեր, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում (Արագածոտնի մարզ, Երեւան-Ապարան մայրուղու 33կմ), տոնահանդեսի ժամանակ, դուք կարող եք կազմակերպել մկրտության եւ մատաղի օրհնության արարողություններ:
Սիրով հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու խաչադրման արարողությանը:
«Նիգ-Ապարան» ՀԲՀԿ