Համագործակցությունը կընդլայնվի

Այս օրերին Երևանում ընթացող ակնաբուժական միջազգային 13-րդ համագումարի աշխատանքների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Լին քննարկեցին համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ճանաչված ակնաբույժը փոխնախարարին ներկայացրեց, որ իրենց հիվանդանոցում մասնագետների տարբեր վերապատրաստումներ են իրականացվում։ Նեոնատալ բուժքույրերի վերապատրաստման չորս դասընթացներ թարգմանվել են հայերեն և տեղադրվել Հայկական ակնաբուժության նախագծի կայքում։ Բուժքույրերը կարող են առցանց անվճար օգտվել այդ դասընթացներից։

«ՄԵնք կարող ենք մանկաբուժության վերաբերյալ բոլոր ուղղություններով տարվող վերապատրաստման դասընթացները նկարահանել և, ձեր նախարարության հետ համագործակցելով` դրանք անվճար հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության մասնագետների համար»,-ասաց Թոմաս Լին։ Նա նշեց, որ տպավորված են հայ մասնագետների պատրաստվածությունից։ «Նրանք իրենց գիտելիքներով չեն զիջում ամերիկյան և եվրոպական բժիշկներին»։

Վահան Պողոսյանը նշեց, որ Հայկական ակնաբուժության նախագիծը և դրա շրջանակում Մանկական կուրության կանխարգելման գերազանցության եզակի կենտրոնի ստեղծումը պետության, միջազգային կառույցների, սփյուռքի և մասնավոր հատվածի համագործակցության արդյունք է։ Նա շնորհակալություն հայտնեց ամերիկացի մասնագետին կրթական ոլորտում համագործակցության առաջարկի համար։

«Նորածինների առողջության պահպանումը մեր երկրում պետության հոգացության ներքո է, և մենք ձգտում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նրանք պետության կողմից երաշխավորված բարձր որակի բժշկական ծառայություններ ստանան»,-ասաց փոխնախարարը։

Այնուհետև քննարկվեց Առողջության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» ռազմավարական ծրագրից բխող Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարության մշակման անհարժեշտության հարցը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանել։

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս