Սևակ Հովհաննիսյան. «Սպառնացել է, որ իմ հարցերը կլուծի, ինձ կսատկացնի»

«Գորիսի քրեակատարողական հիմնարկում մեր ահազանգի շնորհիվ արդեն 2-3 օր առաջ կատարվել է ձերբակալություն: Քրեական հեղինակություն Արթուրը, մականունը՝ «Չոփ», ով հանդիսանում է «Պենտեկոստե» աղանդավորական կազմակերպության անդամ, սպառնալիքի ազդեցության տակ փորձել է շորթել 40 հազար դոլար գումար:

Գումարը փորձել է շորթել աղանդի նախկին անդամներից, ովքեր արդեն դուրս են եկել, ովքեր ևս 60 հազար դոլար նախկինում փոխանցել են այդ աղանդի ղեկավարներին և ովքեր հրաժարվել են հետագայում նորից գումարներ փոխանցելուց: Նրանց սպառնացել է՝ ասելով որ կվերացնի ընտանիքի բոլոր անդամներին, նույնիսկ անչափահաս երեխաներին:

Ունենք նաև այդ հեռախոսազանգերի ձայնագրությունները, սակայն չենք կարող հրապարակել, քանի որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում այդ գործի հետ կապված»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Միացյալ երիտասարդական լիգայի նախագահ Սևակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հեռախոսահամարն իրենց փոխանցելուց հետո իրենք զանգահարել են Արթուրին, ով սկզբում ասել է, որ այդ ամենի հետ ինքն ընդհանրապես կապ չունի, բայց երբ երկրորդ անգամ նույն քայլերը կատարել է և իրենք էլի զանգահարել են, սկսել է գոռալ, թե ինքը Գորիսի քրեակատարողական հիմնարկում նստած է և սկսել է սպառնալ. «Մեր ահազանգելուց ընդամենը ժամեր անց Արթուրի մոտից առգրավվել է հեռախոսը, իսկ ինքը՝ տեղափոխվել պատժախուց: «Պենտեկոստե»-ի ղեկավարները դրանից հետո փորձեցին ինձ հետ հաշտության եզրեր գտնել, քանի որ հենց նրանց պատվերն է կատարել Արթուրը:

Նրանք խնդրում էին հետագա բողոքներ չներկայացնել: Երբ ես զրուցեցի քրեակատարողական վարչության անդամների ղեկավարության հետ, նրանք ինձ փորձեցին համոզել, որ շատ քիչ է աղանդավորների թիվը քրեակատարողական հիմնարկներում, բայց եղել են դեպքեր, որ հենց քրեկատարողական հիմնարկներում աղանդավորական ու հասարակական տարբեր կառույցների անդամներ, որոնք հենց կալանավորներ են, փորձել են ինչ-որ միջոցառում անել, բայց համապատասխան թույլտվություն չեն ստացել:

Իրենց պատիժները պետք է ստանան թե՛ Արթուրը, թե՛ աղանդի ղեկավարներից Գագոն, թե՛ նրա կինը՝ Անուշը, ով ի դեպ՝ ժամանակին սպառնացել է, որ իմ հարցերը կլուծի, ինձ կսատկացնի: Ասեմ, որ «Պենտեկոստե» աղանդավորական կազմակերպությունն իր անդամներին քարոզում է նվիրատվություններ կատարել եկեղեցու շենացման համար: Ոսկիներ ու մեծ գումարներ են պահանջում, սակայն բոլորին էլ պարզ է, որ ոչ մի եկեղեցի էլ չկա»:

Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ՝ դեպքից անմիջապես հետո, երբ Արթուրն արդեն պատժախցում էր, Գագիկը կապվում է իր հետ, խնդրում, որ ընդհանրապես քայլեր չձեռնարկեմ, ինքն այլևս երբեք տուժածից ո՛չ գումար կպահանջի, ո՛չ էլ կսպառնա. «Ներկա պահի դրությամբ տուժածն ԱՄՆ-ում է գտնվում, քույրն է Հայաստանում, և արդեն պատրաստ է դիմումներ ներկայացնել»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս