Սեյրան Օհանյանը՝ զինվորների կորստի մասին. Տներ են եղել, որ ծնողները նույնիսկ չեն թույլատրել լացել, որովհետև ասել են՝ իմ որդին հերոս է

2014թ. մեր զինված ուժերի համար ընդհանուր առմամբ լարված տարի էր: Այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովին մասնակցող Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հանդիպման ընթացում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

«Եվ այդ լարված տարին լարվածությունը բերեց Արցախում, և նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում: Հունվարի լույս 20-ի գիշերը Մարտակերտի հատվածում ենթարկվելով խայտառակ ձախողման՝ Բաքուն վերստին նոր թափ հաղորդեց դիպուկահարների պատերազմին: Մայիսին դիմեց առավել քան վտանգավոր արկածախնդրության՝ փորձելով անվտանգության միջազգային երաշխիքներ ունեցող հայ-նախիջևանյան սահմանագոտին ևս դարձնել լարվածության նոր օջախ, բայց արժանի հակահարված ստանալով կրկին ձախողվեց: Սակայն որևէ դաս չքաղեց, ինչի արդյունքը եղավ հուլիս-օգոստոսյան աննախադեպ արկածախնդրությունը, որն իրապես վտանգեց 1994թ. մայիսին կնքված զինդադարի համաձայնագիրը և Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման նպատակով միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի քան 2 տասնամյակների ջանքերը:

Հայկական բանակն, ինչպես Արցախյան գոյապայքարի, ազգային-ազատագրական շարժման ժամանակ իր առջև դրված քննությունը նորից գերազանց կերպով հանձնեց: Մեր հրամանատարների հմուտ ղեկավարության, մարտավարական տարբեր հնարամտություններ գտնելու, ինչպես նաև մեր զինվորների, նաև երիտասարդ զինվորների անձնուրացության, ըմբոստության, հանդգնության շնորհիվ, ժողովրդի աջակցության պայմաններում և նաև պատերազմի փորձով անցած փորձառու ազատամարտիկների, երկրապահների հետ միասին մենք կարողացանք հետ շպրտել հակառակորդի բոլոր դիվերսիոն գործողությունները, մենք կարողացանք պլանը, որ պլանավորված է և գոյություն ունի յուրաքանչյուր զորամասում, իրականացնել լիարժեք կերպով»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ հուլիս-օգոստոսյան ամիսներին մենք ունեցել ենք 6 կորուստ, իսկ հակառակորդը՝ 9 անգամ ավելի: «Դա մեր ստորաբաժանումների հմուտ գործողությունների շնորհիվ է, բայց ամենակարևորը, որ այդ հուղարկավորությունները մեր ժողովուրդը, մանավանդ ծնողները, չենք վերածել ողբերգության, այլ մենք ներկայացրել ենք դա որպես հերոսություն:

Կարդացեք նաև

Տներ են եղել, որ ծնողները նույնիսկ չեն թույլատրել լացել, որովհետև ասել են՝ իմ որդին հերոս է»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ երբ հարազատները նշել են, որ կորցին իրենց որդուն, զինվորին, ինքը ասել է, որ մենք չենք կորցրել, ընդհակառակաը «գտել ենք այն հերոսին, որը փրկեց մեր ազգի արժանապատվությունը, որը բարձր պահեց բանակի մարտական ոգին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս