Փոքր կենտրոնում մեկնարկել է հերթական էլիտարի կառուցումը. ո՞վ է սեփականատերը (լուսանկարներ)

168.amգրել էր, որ չնայած Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ Տարոն Մարգարյանի հայտարարությանը, որ մայրաքաղաքի Փոքր կենտրոնում չի լինելու կառուցապատում, այնուամենայնիվ, Երևանի Փոքր կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 60 մետր հեռավորության վրա, Մհեր Մկրտչյան 15 և 15/1 հասցեում 800-1000 քմ տարածք ցանկապատվել է` հերթական էլիտար բարձրահարկի կառուցման նպատակով: Եվ քանի որ կառուցապատողը դեռ չունի հաստատված նախագիծ, բայց ունի բարձրաստիճան հովանավորներ, պատրաստվում է հողափորման աշխատանքները սկսել «ստորգետնյա հաղորդուղիների մասով քանդման-վերականգնման և այլ միջոցառումների հողային աշխատանքների» անվան տակ:

Այս աշխատանքներն այժմ բավականին ակտիվորեն մեկնարկել են: Տարածքի երկու կողմից հետիոտնի և մեքենաների անցումները փակվել են, էքսկավատորը փոս է փորում, բանվորներն էլ աշխատում են:

Տեսնելով, որ լուսանկարում եմ, աշխատակիցներից մեկը շտապ մոտեցավ, ու պարզվեց՝ «հին ծանոթն» է: Նախորդ անգամ մեր այցելության ժամանակ նա, առանց անուն-ազգանուն նշելու, ներկայացել էր՝ որպես ուսանող, ով դեռ գրանցված չէ որպես աշխատող: Այս անգամ էլ երիտասարդը հրաժարվեց ներկայանալ կամ որևէ այլ տեղեկություն հաղորդել իր ով լինելու մասին՝ կրկին նշելով, թե ուսանող է, և ինքն է նայում-սովորում: Սակայն, ի տարբերություն նախորդ անգամվա, երբ նա նշել էր, թե «Սերեոն» ընկերությունում «նոր է ընդունվել աշխատանքի», այժմ հայտարարեց, թե «Սերեոնի» հետ կապ չունի, դրա տնօրեն Ս.Մելքոնյանին չի ճանաչում, և ենթակապալառու ընկերության աշխատակիցն է, իսկ տարածքը քանդել են «վթարի հետևանքները վերացնելու համար», թեև 2 ամիս առաջ հայտարարել էր, թե «գազի խողովակը գետնի տակով է անցնում, որն այսօրվա նորմերով չի թույլատրվում, և պետք է օդով անցկացնեն կամ տեղափոխեն»: Մի խոսքով, սուտ՝ ստի ետևից:

Saqapetoyan-shenq (7) Saqapetoyan-shenq (4) Saqapetoyan-shenq (3) Saqapetoyan-shenq (2)

Կարդացեք նաև

Ինչևէ: Փաստն այն է, որ առանց շինթույլտվության, առանց կառուցապատման նախագծի, Փոքր կենտրոնում մի նոր «էլիտար» է կառուցվում, որը խեղդելու է առանց այդ էլ նեղ ու խնդիրներով լի տարածքը: Նույնիսկ հարևանությամբ գտնվող ՄԱԿ-ի, «Էրեբունի» և «Հայաթ» հյուրանոցների, Արհմիության կոնֆեդերացիայի, ADCO ընկերության շենքերի ղեկավարությունների դիմումները քաղաքապետարան որևէ արդյունք չեն տվել:

Հիշեցնենք, որ, ըստ էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալների` «Սերեոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թ. դեկտեմբերին, հիմնադիրը Միացյալ Թագավորության քաղաքացի Էդվին Պապոյանսն է։ Բայց այս տարվա մայիսի 31-ին ընկերության բաժնետոմսերը ձեռք է բերել «Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը, ով դրանք վերավաճառել է հունիսի 30-ին գրանցված «Ունիվերսալ ինվեսթմենտ գրուփ» ՍՊԸ-ին:

Saqapetoyan-shenq (1) Saqapetoyan-shenq (6) Saqapetoyan-shenq (5)

Այս ընկերության հիմնադիրն է Կարապետ Սաքապետոյանը, որի եղբայրը` Արմեն Սաքապետոյանը, աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում և այդ ծառության պետ, էլիտարների սիրահար Հովիկ Հովսեփյանի մտերիմն է: Ընդ որում, «Ունիվերսալ ինվեսթմենտ գրուփ» ՍՊԸ-ն գրանցված է Մհեր Մկրտչյան 15 հասցեում, այսինքն` այն նույն հողակտորի վրա, որտեղ «Սերեոնը» սկսել է խողովակներ ու հաղորդալարեր տեղափոխել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս