Բաժիններ՝

Դեպի «Նաիրիտի» վերագործարկում՝ նախորդ կառավարության հետքերո՞վ (տեսանյութ)

«Նաիրիտ» գործարանի թալանի հետ կապված հարցերը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆունկցիաների մեջ չեն մտնում: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Երվանդ Զախարյանը, դրա համար կան հատուկ մարմիններ, որոնք պետք է զբաղվեն, իսկ կզբաղվեն, թե ոչ, դա իրենց հարցն է:

Նա նշեց, որ գործարանի կուտակած 102 մլրդ դրամ պարտքից 62 մլրդը ԱՊՀ Միջպետական բանկին պարտքն է: 168.am-ի հարցին, թե որտեղի՞ց կամ ո՞վ պետք է մարի այդ պարտքը, Ե.Զախարյանը պատասխանեց, թե այդ հարցին կպատասխանի պարտքերի կառավարման մարմինը, որի ստեղծումից հետո գուցե ինքն էլ կարողանա պատասխանել:

Ըստ նրա՝ պարտքերը մարելու մի քանի եղանակ կա, այսօր գլխավոր հարցն այն է, թե ինչ անեն, որ պարտքերը չխանգարեն գործարանի վերագործարկմանը, օրինակ՝ ժամանակավոր սառեցում մի քանի տարիների ընթացքում, վերագործարկումից հետո ստեղծվում է հատուկ հանձնաժողով՝ այդ պարտքերի կառավարման համար:

Նախարարը կարևորեց ներդրումային փաթեթի ձևավորումը, որ առաջարկեն պոտենցիալ ներդրողներին:

Կարդացեք նաև

Մեր դիտարկմանը, որ տպավորություն է ստեղծվում, թե նախորդ կառավարության ուղին են կրկնում, քանի որ նրանք էլ էին բավականին երկար բանակցում տարբեր ընկերությունների հետ և ներդրումային առաջարկներ էին մշակում, Ե.Զախարյանը պատասխանեց. «Մենք փորձում ենք մեր որոշումներում լինել շատ պատասխանտու և արդյունավետ»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում սլովակ ներդրողների առաջարկներին ծանո՞թ է, թե՞ ոչ, Ե.Զախարյանը հայտարարեց, թե սլովակները կոնկրետ ներդրումային փաթեթ չեն առաջարկել:

«Մերը շուտով պատրատ կլինի»,- վստահեցրեց նախարարը, իսկ «ե՞րբ» հարցին ի պատասխան՝ հավելեց. «Վաղը 11-ն անց կես»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս