Եթե ֆորսմաժորային կատաստրոֆիկ մի բան լինի, իհարկե, պետք է Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վլադիմիր Միհրանիչ Մովսիսյանը գան

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը կարծում է, որ ժողովրդավարության հիմնական ուժը իշխանափոխությունն է. «Իշխանափոխություն ոչ միայն իշխանության, այլ նաև կադրերի ռոտացիայի խնդրի կա: Շանսը ստացար, քո ծրագիրն իրականացրեցիր, պետք է հեռանաս»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին, Ա. Արշակյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի քաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել, նա իր գործն արել է: Հիմա եթե լինի ֆորսմաժորային ինչ-որ կատաստրոֆիկ մի բան, իհարկե, պետք է Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վլադիմիր Միհրանիչ Մովսիսյանը գան, եթե պետք լինի: Ես դրա մասին չեմ խոսում: Բայց ես կարծում եմ, որ դա վատ տարբերակ է:

Պետք է նոր մարդիկ գան, նոր ծրագրերով, այսօրվա Հայաստանի առջև եղած մարտահրավերները հաշվի առնող մարդիկ: Ռոբերտ Քոչարյանը չպետք է գա, պետք է ծրագիրը գա, այդ ծրագիրը եթե կարողանում է Ռոբերտ Քոչարյանն իրականացնել, ուրեմն նա թող իրականացնի»:

Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանն էլ նկատեց, որ քաղաքականությունը սեփական բնակարան չէ, որ փակես՝ դուրս գաս, հետո բացես՝ հետ գաս. «Եթե խոսում են Ռ. Քոչարյանի վերադարձի մասին, նշանակում է՝ ինքը դուրս է եկել այդ քաղաքականությունից: Հնարավոր չէ այսպես քաղաքականությունից գնալ և գալ»:

Լրագրողի հարցին՝ այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը գնալ-գալ չէ՞ր, Հ. Իգիթյանը համաձայնեց, սակայն նկատեց, որ դա ուրիշ դեպք էր, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը թիմով էր. «Շատ կարևոր է, որ ծրագիր լինի, բայց, բացի ծրագրից պետք է լինի քաղաքական թիմ: Այսինքն՝ 2008 թվականին ստեղծվել է քաղաքական թիմ և թիմը ձևավորվելուց, ծրագիրն ունենալուց հետո դիմել է լիդերին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ՝ դու կարող ես և՛ մեր թիի հետ միասին, և՛ այդ ծրագրի հետ միասին, գնալ փորձել Հայաստանը վերաձևափոխել, որովհետև Հայաստանը գնում էր լրիվ այլ ուղղությամբ: Դուք ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանը գալիս է: Ի՞նչ թիմով է գալիս, ի՞նչ ծրագրով է գալիս: Թող գա, ներկայանա հասարակությանը, ես հասարակության մեջ այդպես ոգևորություն չեմ տեսնում, որ սպասում են գա Ռ. Քոչարյանը և լուծի այդ բոլոր խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում»,- նկատեց Հ.Իգիթյանը:

Տեսանյութեր

Լրահոս