«Մայդանի» տարբերակ չկա. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ժամանակ առ ժամանակ ես լսում եմ, թե «որոշակի ուժեր» Հայաստանում ուզում են «մայդան» հասունացնել: Սովորաբար դա ասում են Ռուսաստանի ներկայացուցիչները կամ նրանց հայաստանյան երկրպագուները, հետեւաբար նրանց ակնարկներն ուղղված են Արեւմուտքին:

Երբեմն հակառակ կողմից էլ են նման բան ասում, բայց դա խելքին մոտիկ չէ՝ Ռուսաստանը «մայդաններ» չի կազմակերպում. եթե Հայաստանում իր համար անընդունելի իշխանություն լինի, նա «քսի» կտա Ադրբեջանին, եւ հնարավոր պատերազմի դեպքում կարող է այնպիսի քաոս ստեղծվել, որ, շատ հնարավոր է, այստեղ իշխանափոխություն լինի: «Մայդանական» կամ, ինչպես սիրում են ռուսաստանցի եւ ռուսամետ քաղաքագետներն ասել՝ «գունավոր հեղափոխություն» կարող է անել միայն Արեւմուտքը:

Ենթադրենք, դա իրեն այս կամ այն պատճառով շատ պետք է: Բայց այդպիսի հեղափոխության համար պետք են հեղափոխական զանգվածներ: Հայաստանի Երրորդ հանրապետության պատմությունը ցույց է տալիս, որ դրանք ասպարեզ են դուրս գալիս միայն մի դեպքում՝ կեղծված նախագահական ընտրություններից հետո: Ինչու է այդպես՝ ակնհայտ է: Մեր ժողովրդին պետք է «բարի թագավոր», որը հարազատ հոր նման իրեն՝ ժողովրդին, «լավ կնայի»: 1996 թվականի նախագահական ընտրություններից սկսած՝ ժողովուրդը համոզված էր, որ «բարի թագավորի» թեկնածուներն էին՝ Վազգեն Մանուկյանը, Կարեն Դեմիրճյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, որոնք գալիս էին փոխարինելու «ժողովրդին լավ չնայող» «չար թագավորներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս