ՀՀԿ-ականը՝ քառյակի մասին. Էդ մարդիկ քայքայվում են, մենք ի՞նչ մեղավոր ենք. «Հայկական Ժամանակ»

«Մեր չարչարանքները, որ ասում էինք, պետք է այնպես անենք, որ քառյակը չքայքայվի, գոյատևի քառյակը, ամուր միություն լինի, փաստորեն, մենք էլ չենք կարողանում օգնել, էդ մարդիկ քայքայվում են, մենք ի՞նչ մեղավոր ենք»,- ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այսպես կիսահեգնական է մեկնաբանել ոչ իշխանական Քաոյակի երեկվա նիստի արդյունքները։ Անդրադառնալով առաջիկա հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշմանը Բաղդասարյանն ասել է. «ՀՅԴ-ն բավական կայուն է իր որոշումների մեջ։ Եթե նայում ենք անկախության սկզբից նրանց հայտարարությունները և հիմա, ես հակասություններ չեմ կարող այդտեղ գտնել, որովհետև նրանք գաղափարական կուսակցության են և իրենց անելիքը կարծես թե գիտեն, թե ուր են գնում և ինչի համար»։

– Պարոն Բաղդասարյան, «եռյակը» հոկտեմբերի 10-հն հանրահավաք է անելու ինչպե՞ս եք վերաբերվում դրան և ի՞նչ եք սպասում այդ հանրահավաքից։

– Նորմալ, վատ սպասելիք չունեմ, մարդիկ իրենց ասելիքը Աժ-ում չեն ասում, ուզում են փողոցում ասել։

– Կարո՞ղ է այս ամենը վերածվել թեժ աշնան։

– Ի՞նչ է նշանակում թեժ աշուն։ Աշունը սկսվել է, մեզ համար բավականին թեժ է, որովհետև մենք շատ ակտիվ քննարկումներ ենք անում ՀՀԿ-ում, մեզ համար թեժ է, իրենց թեժությունը չգիտեմ ինչումն է կայանում։ Անկարգություննե՞րն են թեժությունը, չգիտեմ, նայած ինչ նկատի ունեն թեժ ասելով։

– Իսկ եթե հանրահավաքների շա՞րք անեն։ Կամ էլ կառավարության հրաժարականը պահանջեն կամ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

– Ի՞նչ պետք է անեն, անընդհատ ձանձրացնե՞ն նույն խոսակցություններով, նույն հարցադրամներո՞վ։ Կառավարության հրաժարականի հիմքում ո՞րն է, ի՞նչ է, հո խաղալիք չի՞ այս երկիրը. 6 ամիսը մեկ կառավարության հրաժարական պահանջեն։ Ի՞նչ է եղել, կառավարությունն իր ծրագրով աշխատում է։ Այսինքն, եթե ձգտում ենք քաղաքական անկայունության…: Ի՞նչ է, ուզում են ասել՝ դուք գնացեք, մենք գա՞նք։ Դա է նպատակը։ Սահմանադրական ճանապարհ կա իշխանության գալու, ընտրություններ կան, թող սահմանադրական ճանապարհով գան։ Գիտե՞ք իրենք ինչ են ուզում ընդհանրապես։ Ես գիտեմ, օրինակ։

– Կասե՞ք։

– Իշխանություն։

– Իրենք ասում են, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի վերարտադրության միջոցն են։

– Ի՞նչ է նշանակում վերարտադրություն։ Վերարտադրվելը վատ բան չէ, իրենք էլ են ուզում վերարտադրվել, նույն ԲՀԿ-ն էլ է վերարտադրվում։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս