Օսկանյանը զգուշացրել է, որ իշխանությունները ՀՅԴ-ին կարող են ներքաշել բանակցությունների մեջ

Խորհրդարանական չորս քաղաքական ուժերի ոչ ֆորմալ միավորումը երեկվանից դադարեց գոյություն ունենալ նաև ֆորմալ առումով: Քառյակը շատ կարճ կյանք ունեցավ և չափազանց անփառունակ վախճան:

Այն ստեղծվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ պայքարի շրջանակներում և իր մահկանացուն կնքեց սահմանադրական փոփոխությունների հարցում ունեցած տարաձայնությունների համատեքստում:
Քառյակի վախճանն ազդարարվեց երեկ, երբ պարզ դարձավ, որ ՀՅԴ ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել հոկտեմբերի 10-ին հրավիրվող հանրահավաքին:

Քառյակի նիստին մասնակցող ՀՅԴ անդամները պատճառաբանել են, որ Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իրենց և մյուս երեք կուսակցությունների ունեցած մոտեցումների տարբերություններն իրենց հնարավորություն չեն տալիս ներկա գտնվել հանրահավաքին: ՀՅԴ-ն հանդես է գալիս հօգուտ սահմանադրական փոփոխությունների, մինչդեռ մյուս երեք կուսակցությունները հանդես են գալիս ընդդեմ այդ փոփոխությունների` համարելով, որ դրանց իրականացման նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրման համար սահմանադրական հիմքերի ապահովումն է:

Քառյակի նիստի ավարտից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ իրենք գործընկեր կուսակցություններին առաջարկել են սպասել մինչև հոկտեմբերի 15-ը, երբ կհրապարակվի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի պատրաստած տարբերակը, և, երբ իրենք տեսնեն, որ ՀՅԴ-ի կողմից առաջարկվող փոփոխություններն ընդունվում են` կշարունակեն մնալ սահմանադրական փոփոխությունների կողմնակից, իսկ եթե իրենց առաջարկները մերժվեն, իրենք կրկին կմիանան եռյակին:

Կարդացեք նաև

Արմեն Ռուստամյանն իսկապես ճիշտ է ասում. նա քառյակի նիստի ժամանակ առաջարկել է սպասել մինչև հոկտեմբերի 15-ը, երբ կհրապարակվի Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կազմված Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգը: Իհարկե, դա վերջնական փաստաթուղթ չի լինի, և դրանում հնարավոր են փոփոխություններ: Սակայն Արմեն Ռուստամյանը մինչև վերջ անկեղծ չէ, և չի բացահայտում քառյակի նիստում տեղի ունեցած խոսակցության ամբողջ բովանդակությունը, որը բացահայտում է ՀՅԴ առաջարկի հակատրամաբանականությունը:

Մասնավորապես, երբ Ռուստամյանն առաջարկել է սպասել մինչև հոկտեմբերի 15, ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նրան հակադարձել է՝ ասելով, թե մի՞թե հոկտեմբերի 15-ին պարզ կլինի` արդյո՞ք իշխանություններն ընդունում են ՀՅԴ առաջարկները, թե՞ ոչ:

Ավելին, Օսկանյանը զգուշացրել է, որ իշխանությունները ՀՅԴ-ին կարող են ներքաշել բանակցությունների մեջ, ինչը կարող է տևել մինչև սահմանադրական հանրաքվեն: Իսկ դա նշանակում է, որ այդ ամբողջ ընթացքում քառյակը պետք է նստի և սպասի ՀՅԴ-ի և իշխանությունների բանակցություններին և դրանց արդյունքներին:

Ավելին, քառյակի մյուս երեք անդամները, ովքեր հակված են եղել պահպանել քառյակի ֆորմատը, առաջարկել են համատեղ հանրահավաքն անցկացնել՝ օրակարգում չդնելով սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցը: ՀՅԴ ներկայացուցիչներին պարզ ասվել է, որ հանուն քառյակի միասնության պահպանման` իրենք պատրաստ են հանրահավաքի հենց սկզբում հայտարարել, որ իրենք որոշել են չքննարկել սահմանադրական փոփոխությունների հարցը` նկատի ունենալով, որ քառյակի անդամ որոշ կուսակցություններ այդ հարցում այլ տեսակետ ունեն:

Առաջարկվել է, որ հանրահավաքը նվիրված լինի բացառապես իշխանություններին ներկայացված 12 կետանոց պահանջագրի կատարման ընթացքին, և բանախոսները խոսեն այն մասին, թե ինչպես են իրենք վերաբերվում այդ կետերի կատարմանը, և ինչպիսի հավելյալ ճնշում կարող է գործադրել քառյակն այդ կետերի կատարմանը հասնելու համար: Բայց Արմեն Ռուստամյանը հրաժարվել է նաև այդ տարբերակից, ասելով, որ հնարավոր չէ հրավիրել հանրահավաք, որտեղ կգործի կարապի, խեցգետնի և գայլաձկան սկզբունքը, որոնք սայլը տարբեր ուղղությամբ են քաշում, ինչի արդյունքում սայլը տեղից չի շարժվում:

Քառյակի նիստին մասնակցած մյուս երեք կուսակցությունների անդամների զգացողությամբ` ՀՅԴ անդամները քառյակի նիստին մասնակցել են քառյակի հետ` հրաժեշտ տալու հստակ որոշմամբ: Ըստ էության` նրանք ազնվորեն հասկացնել են տվել, որ իրենք այլ ճամբարում են, որ սահմանադրական փոփոխությունների հարցում իրենք բանակցում են իշխանության հետ, և հնարավոր է, որ այդ բանակցությունների արդյունքում գան որոշակի համաձայնությունների:

Քառյակի մյուս երեք կուսակցությունները հասկանում են, որ իրականում քառյակն այլևս չկա, քանի որ ՀՅԴ-ն այլևս իրենց հետ չէ: Մնացած հայտարարությունները այն մասին, որ իրենք ունեն ընդհանուր օրակարգ, ինչպիսին «Նաիրիտի» գործարանի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելն է, դատարկ խոսակցություններ են: Այդ նույն տրամաբանությամբ քառյակը և ՀՀԿ-ն ևս ունեն ընդհանուր օրակարգ, ինչպիսին Սահմանապահ բնակավայրերի իրավական կարգավիճակի մասին օրենքի ընդունումն է: Իրենք են, չէ՞, համատեղ այցելել սահմանամերձ բնակավայրեր և խոստացել, որ համատեղ անդրադառնալու են այդ խնդրին:

Բայց հայտարարել, որ ՀՅԴ-ն դուրս է գալիս քառյակից, նույնն է, ինչ հայտարարել, որ քառյակը դադարում է գոյություն ունենալ, և կա ընդամենը եռյակ: Դրա համար է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այդքան սուր արձագանքում այն հարցին, թե հնարավոր է, որ իշխանությունները կատարեն «Ժառանգություն» կուսակցության նախապայմանները, և այս կուսակցությունը ևս չմասնակցի հանրաքվեին: Եթե դա հնարավոր է ՀՅԴ-ի դեպքում, ինչո՞ւ հնարավոր չէ «Ժառանգության» դեպքում: Թե՞ քառյակում կան կուսակցություններ, որոնք երբևէ չեն բանակցել իշխանությունների հետ և չունեն համապատասխան փորձ և հմտություններ:

Տեսանյութեր

Լրահոս