Քաղաքական ուժերը մինչեւ ընտրությունները մեծ անելիքներ ունեն
Խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով կուսակցությունների խորհրդարան մտնելու տոկոսային շեմի չափը պետք է որոշվի քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաեւ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով սահմանված մանդատների հարաբերակցությունը։ Այս մասին ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ։
Պատգամավոր Արմեն Սարգսյանի կարծիքով՝ այդ հարաբերակցության որոշումը պետք է նաեւ հիմնվի մասնագիտական վերլուծության վրա։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ Դաշնակցություն խմբակցությունը կողմնակից է 100 տոկոսյա համամասնական ընտրակարգին։
Հիշեցնենք, որ գործող օրենքով խորհրդարան մտնելու շեմը հինգ տոկոս է, իսկ մանդատների հարաբերակցությունը 17 եւ 16՝ համապատասխանաբար համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի համար։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 22 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ։ Երկրորդ ընթերցումը կլինի մեկ ամիս հետո, իսկ մինչ այդ ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախատեսում է լրացուցիչ քննարկումներ։