Երջանիկ Աբգարյանը՝ քառյակի մասին. Դուրս գալը նախընտրելի է սեփական նախաձեռնությամբ, քան ուրիշների կողմից լքվելով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում Երջանիկ Աբգարյանն ասել է. «…Տվյալ դեպքում ես քառյակի ներկա համագործակցության շարունակման հիմք ու հեռանկար չեմ տեսնում: Այստեղ հասունանում է մի անառողջ գործընթաց, որից դուրս գալը նախընտրելի է սեփական նախաձեռնությամբ, քան ուրիշների կողմից լքվելով»:
– Եթե, այնուամենայնիվ, այնպես ստացվի, որ ՀԱԿ-ը հրաժարվի ԲՀԿ-ի հետ համագործակցությունից, քաղաքական հետագա պայքարը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է շարունակել, ո՞ւմ հետ։
– Մի բան այսօր ակնհայտ է՝ վերջին տարիների քաղաքական համագործակցության փորձը չի տվել այն արդյունքը, որն ակնկալվում էր նախապես։ Կարծիքս այն է, և քաղաքական նպատակահարմարությունն էլ հուշում է, որ ներկա պարագայում ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» պետք է միասնականորեն ձգտեն իրենց ձեռքերում կենտրոնացնել իրական ժողովրդական կամքի արտահայտչի պարտականությունը։ Այս դեպքում նրանք կարող են աստիճանաբար իրենց կողմը ներգրավել կամ վերադարձնել անօրինական և հանցագործ իշխանությանը սկզբունքորեն հակառակորդ կազմակերպություններին ու հայտնի գործիչներին և դրանով իսկ նպաստեն պայքարող ժողովրդական զանգվածի ընդլայնմանը։ Սա Ձեր հարցի քաղաքական բաղադրիչի շատ հակիրճ պատասխանն էր։ Բայց բացի զուտ քաղաքական կողմից՝ կա նաև գործի կազմակերպչական կողմ, որի վերաբերյալ կուսակցությունները, հասկանալի պատճառներով, չեն սիրում արտահայտվել, չնայած այն հաճախ ոչ պակաս որոշիչ դեր ունի պայքարի ելքում։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: