Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը
Uznews.net-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Կարիմովան, ով 7 ամիս շարունակ տնային կալանքի տակ է պահվում Տաշքենդում, արդեն իսկ մամլո քարտուղար ունի Լոնդոնում, ով նրա համար պահանջում է արդարադատություն:
Լոքսլի Ռայանը, ով ներկայացնում է լոնդոնյան Davidson-Ryan-Dore խորհրդատվական ընկերությունը, Կարիմովայի ներկայացուցիչ է դարձել 3 ամիս առաջ: Նրան վարձել են Կարիմովայի ընտանիքն ու ընկերները: Նա պահանջել է անհապաղ ազատ արձակել Գուլնարա Կարիմովային:
Վերջինիս ներկայացուցչի այդ ակտիվությունը կապված է սեպտեմբերի 8-ին Ուզբեկստանի գլխավոր դատախազության արած այն հայտարարության հետ, որ Կարիմովային կասկածում են հանցավոր խմբի հարելու մեջ:
Ռայանը համոզվածություն է հայտնել, որ Կարիմովային կալանքի տակ են պահում մաքուր քաղաքական նկատառումներով, և որ դա արվել է Ուզբեկստանում նախագահական կամպանիայի շեմին, Ուզբեկստանի նախագահին մոտ կանգնած անձինք դա կազմակերպել են նախագահի վրա իրենց «անառողջ» ազդեցությունը պահպանելու նպատակով.
«Գուլնարա Կարիմովան քանիցս հայտարարել է իր անմեղության մասին: Նա պատրաստ է իր անունը վերականգնելու համար գնալ յուրաքանչյուր դատարան, որում կապահովվի օրենքի գերակայությունը:
Գուլնարան ուղիղ դիմում է միջազգային հանրությանը՝ խնդրելով աջակցել օրենքի գերակայության պահպանմանն ու պահանջել, որ իր ճակատագիրը վճռեն անկախ դատարանները, և ոչ թե քաղաքական շահ ստանալու համար պայքարող անձինք»: