Ինչպե՞ս եք հաջողեցնում ապրել այս երկրում. Թաներ Աքչամը՝ Թուրքիայում ապրող հայերին

Թուրքական Taraf թերթում հրապարակվել է հանրահայտ պատմաբան, ԱՄՆ-ում բնակվող Թաներ Աքչամի «Նոր Թուրքիայի դասագրքերը» խորագրով հոդվածը, որը զգալի կրճատումներով երկայացվում է ստորև.

«Շարունակում եմ ընթերցել միջնակարգ դպրոցների 10-րդ դասարանի համար գրված պատմության դասագրքում 1915 թվականի դեպքերի վերաբերյալ գրվածքները: Գրքում այնպիսի թեզ է շարադրված, որ չգիտես, թե ինչ անել. ծիծաղե՞լ, թե արտասվե՞լ: Գրված է, որ տեղահանությունը հայերի անվտանգությունն ապահովելու համար է արվել:

Սա կատակ չէ, լուրջ թեզ է, որ տեղահանությունը հայ ժողովրդի անվտանգությունն էլ ապահովեց: Լավ, իսկ այդ դեպքում ովքե՞ր են հայերի անվտանգությանը սպառնացողները: Չեք հավատա, սակայն վերստին հայերը: Այսինքն, մեր պետությունը հայերին հայերից փրկելու համար որոշել է իրականացնել տեղահանություն:

Ինչո՞ւ: Որովհետև այս (հայկական) հանցախմբերը սպանում էին ահաբեկչական գործունեությանն ու ապստամբությանը չմասնակցող հայերին: Հայկական հանցախմբերի հարձակումների ու սպանդի պատճառով էլ մեր պետությունը վտանգի տակ հայտնված իր հայ քաղաքացիներին փրկելու համար տեղահանեց ավելի անվտանգ վայրեր:

Ամեն ինչ կանցներ մտքովս, սակայն սա՝ երբեք: Բոլորին՝ «Նոր Թուրքիայի» ջատագովներին հրավիրում եմ գլխարկներն իջեցնել այս նշանակալից տեսության առջև: Սա մտահոգիչ է, սակայն եկեք չմոռանաք, որ այսպիսի հիմարություններ ենք ուսուցանում և ուսուցանելու ենք մեր երեխաներին: Այդ ամենը հիմք է տալիս պնդելու, որ Նոր Թուրքիայի մի թշնամին էլ հայերն են»:

Աքչամը «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) Նոր Թուրքիայի տեսլականին չորս ձեռքով փաթաթված մտավորականներին կոչ է արել հասնել նրան, որ կառավարությունը հանի այսօրինակ գրքերն ու ներողություն խնդրի դրանցում հայերի կերպարն ու Հայկական հարցը որպես ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնելու համար:

Աքչամը նաև դիմել է Թուրքիայի հայերին՝ նշելով, որ ունի նրանց ուղղված մեկ հարց. «Ինչպե՞ս եք ապրում այս երկրում, իսկապես ինչպե՞ս եք հաջողեցնում դա»:

Տեսանյութեր

Լրահոս