Ֆինանսական բուրգի գործով տուժողը մինչև այս պահը չգիտի՝ ինչու ամբաստանյալն ընկավ «այս պատմությունների մեջ»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ֆինանսական բուրգի գործով շարունակվեց գործով տուժողների հարցաքննությունը: Տուժող ճանաչված անձանցից մեկը՝ Մուշեղ Սաֆարյանը, դատարանում հայտնեց, որ աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում: Տուժողը դատարանում հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հետ, նրա երեխայի կնքահայրն է:

Ինքը ամբաստանյալին առարկել է ներդրումներ կատարել հանքավայրում, ամբաստանյալն էլ ներդրումներ է կատարել ավազահանքում: Տուժողը նաև հայտնեց, որ 50.000 դոլար գումար է տվել ամբաստանյալին՝ ամսական 2 տոկոս շահաբաժին վճարելու պայմանով: Պատասխանելով մեղադրողի հարցին՝ տուժողն ասաց, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին մի քանի անգամ հետագայում հարցրել է իր գումարի մասին, ամբաստանյալն էլ հորդորել է հանգիստ մնալ, ինքը տալու է գումարը:

Մեղադրողի հարցին՝ ի՞նչ է ասել ամբաստանյալը՝ 50 հազար դոլարը դրել է գործունեության մե՞ջ, թե՞ այլ անձանց պարտքերն է փակել, տուժողը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ինձ չի ասել»: Մեղադրողի հարցերին՝ ի՞նչ տպավորություն ստեղծվեց՝ ինչո՞ւ ամբաստանյալը չտվեց տուժողի գումարը, տուժողը պատասխանեց, որ մինչև այս պահը չգիտի՝ ինչու ամբաստանյալը չտվեց իր գումարը և ինչու ընկավ «այս պատմությունների մեջ». «Այդ հարցի պատասխանը ես չգիտեմ»: Տուժողն ասաց, որ այս պահի դրությամբ չի պահանջում իր գումարը:

Տեսանյութեր

Լրահոս