Le Monde-ը համեմատել է արյունալի վարչակարգերի կողմից Կարեն Պետրոսյանի ու Ջեյմս Ֆոուլիի սպանությունները
Ֆրանսիական Le Monde թերթում օրեր առաջ հրապարակվել է «Անհրաժեշտ է Ադրբեջանում վերջ դնել Ալիևի վարչակարգին» հոդվածը, որում նշված է. ««Իսլամական պետության» կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին գլխատելն արդարացիորեն հարուցեց միջազգային քննադատություն:
Սակայն դրանից օրեր առաջ իրականացվել էր նմանատիպ ևս մեկ մահապատիժ: Այն նույնպես նկարահանվել էր վարչակարգի մարդասպանների կողմից, որի անունից էլ իրականացվել էր սպանությունը:
Դա կարելի է տեսնել սոցցանցերում: Այդ զոհը նույնպես քաղաքացիական անձ էր և նրա դահիճների համար չկա որևէ արդարացում, անգամ եթե նրան համարել են թշնամի-քարոզիչ:
Դա ճիշտ է, որ թեև նրան բռնել են ջինսով և մարզակոշիկով, սակայն մահապատժից առաջ նրան հագցրել են զինվորական համազգեստ, որպեսզի ներկայացնեն որպես թշնամական հատուկ ծառայությունների գործակալ: Բարբարոսության այդ զոհը Կարեն Պետրոսյանն է:
Նա հայ գյուղացի էր և ադրբեջանական բանակի զինվորների կողմից սպանվել է առանց ձևականությունների: Նրան առևանգելու հանգամանքները պարզ չեն, և լիովին հնարավոր է, որ նրան առևանգել են Հայաստանի տարածքում: Այդ միջադեպը դարձավ վերջին շրջանում շփման գծում գրանցված բազմաթիվ միջադեպերի գագաթնակետը:
Արձագանքելով Ջեյմս Ֆոուլիի սպանությանը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ «Իսլամական պետությունը» քաղցկեղ է, որը տեղ չունի 21-րդ դարում: Հավանաբար, որևէ մեկի մտքով չի անցնում իրաքցիներից ու սիրիացիներից՝ լինեն նրանք մուսուլմաններ, քրիստոնյաներ կամ եզդիներ, պահանջել ընդունել «Իսլամական պետության» արյունալի իշխանությունը:
Ի հակադրումն դրա՝ մի շարք անվախ դիվանագետներ, կարծես թե, գտնում են, որ հայաբնակ ԼՂՀ-ը պետք է վերադառնա Ադրբեջանի լծի տակ, որից պատերազմի արդյունքում ազատվել է 20 տարի առաջ: Դա ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ ընթացիկ բանակցությունների առարկա:
Բոլորի համար պետք է պարզ լինի, որ անկարելի է Ղարաբաղի նման ժողովրդական պետության քաղաքացիներից պահանջել վերադառնալ Ադրբեջանի նման բռնապետություն, հատկապես երբ նրա նախագահը հայատարարում է, որ հայերը, որտեղ էլ որ ապրեն աշխարհում, հանդիսանում են իր երկրի թշնամիները:
Ալիևի վարչակարգը հիրավի մոլորակի ամենաբռնատիրական վարչակարգերից մեկն է: Կարեն Պետրոսյանի սպանությունը ռազմական հանցանք է, և ինքնաբերաբար արդարացնում է Իլհամ Ալիևին միջազգային դատարանի առջև կանգնեցնելը»: