Իլյա 2-րդը թուրքական կողմին խնդրել է թույլատրել վրացական վանքերում պատարագի անցկացումը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաց պատրիարք Իլյա 2-րդը երեկ Թբիլիսիում ընդունել է Թուրքիայի կրոնական հարցերով նախարար Մեհմեթ Գյորմեզին, ով բարեկամական այոց Վրաստան է ժամանել նախօրեին:
Հանդիպման ժամանակ Իլյա 2-րդը նրան խնդրել է հնարավորություն ընձեռել պատարագ անցկացնելու Թուրքիայի տարածքում ընկած վրացական վանքերում: Իլյա 2-րդը դեռ 2011 թվականի հոկտեմբերին Թուրքիա կատարած այցի ժամանակ քննարկել էր վարցական վանքերին իրավական կարգավիճակ տրամադրելու ու դրանք վրացական կողմին հանձնելու հարցը:
Բացի այդ, նա համապատասխան նամակ է հղել Թուրքիայի կառավարությանը: Իլյա 2-րդը Գյորմեզին հայտնել է, որ Թուրքիա ժամանող վրացիներն այցելում են եկեղեցիներ ու աղոթում են: Նա ցանկություն է հայտնել, որ հնարավորություն ընձեռվի, որ այդ եկեղեցիներում ծառայեն հոգևորականներ և որ դրանցում անցկացվեն պատարագներ:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի սկզբին էլ Իլյա 2-րդը հայտարարել էր, որ Վրաստանում գործում է 311 մզկիթ, մինչդեռ Թուրքիայում չի գործում վրացական գեթ 1 վանք: