Պ. Հայրիկյան. «Դու միայն ԱԺ ձևավորի, հետո մենք տղերքով՝ գյադեքով, կորոշենք, թե ձեր գլխավոր հրամանատարն ով լինի» (տեսանյութ)
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գնահատմամբ՝ մեր ժողովրդի դեմ իրականացվող հերթական դավադրություններից մեկը իշխանությունների կողմից ծրագրած սահմանադրական բարեփոխումներն են:
Այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսի ժամանակ նա՝ խոսքն ուղղելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ասաց. «Սերժ Սարգսյան, եթե սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ էին, ինչո՞ւ նախագահական ընտրությունների քո քարոզարշավի ժամանակ դու մեկ անգամ չխոսեցիր դրա մասին: Չէ՞ որ, բոլոր թեկանածուներից միայն ես էի խոսում սահմանադրական բարեփոխումների մասին և առաջարկում տարբերակ: Սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են հետին նկատառումով:
Լևոն Տեր- Պետրոսյանն 1995 թվականին ընդունել էր խայտառակ, «խուժան» Սահմանադրություն, գրված էր միայն իր համար, ինքը կարող էր քնից զարթներ ու պառլամենտ արձակել, պառլամենտը ոչ մի իրավասություն չուներ, ու այդ Սահմանադրության դեմ ԱԻՄ-ն ընդվզեց ու նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ: Հիմա սրանք ընդվզում են 2005 թվականին ընդունված Սահմանադրության դեմ: Ո՞ւմ դեմ են իրենք ընդվզում: Ո՞վ է ընդունել 2005 թվականի Սահմանադրությունը: Այս հարցը ոչ ոք չի տալիս: Ես էլ չէի տալիս մինչև երեկ, երբ երևի աղոթքների շնորհիվ լույս իջավ ինձ վրա:
Իրենք են, չէ՞, ընդունել այդ Սահմանադրությունը: Իրենք դիմել են, չէ՞, Եվրոպային: Եվրոպայից էլ ստացել են, իրենց խոսքերով՝ «օքեյը»: Եթե այն ժամանակ սխալ եք եղել, ասեք՝ մենք այն ժամանակ ապուշներ էինք, չլսեցինք ԱԻՄ-ականներին, սխալ Սահմանադրություն ընդունեցինք, հիմա ուզում ենք փոխել: Բայց եթե դու այն ժամանակ սխալվել ես, ի՞նչ երաշխիք ունեմ, որ հիմա էլ չես սխալվի, չէ՞ որ դու նկատառումներով ես առաջնորդվում, ոչ թե սկզբունքներով»:
Պ.Հայրիկյանի խոսքով՝ այն, որ իշխանություններն ասում են, թե այլընտրանք չի ներկայացվել, ստում են: Ըստ նրա՝ և՛ նախագահին, և՛ Ազգային Ժողովին ներկայացվել է 6 կուսակցությունների կողմից բացարձակ ժողովրդավարության մոդելը: Այդ նախագծերը քննարկվել են: Նրա խոսքով՝ այսօր ժողովրդին մոլորեցնելու համար ասում են՝ «այլընտրանք չկա», «Էն, ինչ մենք ենք ասում միայն դա է, իսկ մեր ասածը նա է, որ պետք չի դու նեղություն քաշես, քո գլխավոր հրամանատարին ընտրես, մենք քո փոխարեն կընտրենք, դու միայն Ազգային ժողով ձևավորի, հետո մենք տղերքով, գյադեքով կորոշենք, թե ձեր գլխավոր հրամանատարն ով լինի»:
ԱԻՄ առաջնորդը տեղեկացրեց, որ իրենք պատրաստում են հարցումներ իրականացնել՝ հասկանալու համար, թե ժողովուրդը որը կընտրի. ա) Հայաստանի նախագահին և գլխավոր հրամանատարին ընտրում են ՀՀ քաղաքացիները, բ) Հայաստանի նախագահին և գլխավոր հրամանատարին ընտրում են ՀՀ ԱԺ անդամ դարձած մարդիկ: Պ.Հայրիկյանը համոզված է, որ ժողովրդի 90 տոկոսը կընտրի «բ» տարբերակը: