
Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 2400-ի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 2400 մարդու, իսկ վարակակիրների թիվը՝ 4784 մարդու: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը:
Նա չի բացառել, որ դրանք կարող են լինել նվազեցված թվեր, և որ զոհերի ու վարակակիրների թիվն իրականում կարող է լինել զգալիորեն ավելի մեծ: Չենն ընդգծել է, որ արագորեն աճել են մահացու վիրուսով հիվանդանալու դեպքերը:
Նա միջազգային հանրությանը կոչ է արել բուժաշխատողներ ու դեղորայք ուղարկել Էբոլա վիրուսից ավելի շատ տուժած երկրներ՝ Գվինեա, Սիեռա Լեոնե ու Լիբերիա: Էբոլա տենդը բռնկվել է այս տարվա փետրվարին: