Ջոն Քերին ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է աշխատանքային այցով երկրում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների փոխհարաբերությունների հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, Քերին ու Չավուշօղլուն քննարկել են Իրաքի ու Սիրիայի հարցերը, Մերձավոր Արևելքում հրադադարի հարցն ու մերձաորարևելյան խաղաղության գործընթացը, Կիպրոսի, Հայաստանի, Ուկրաինայի հարցերը:
Չավուշօղլուն հիշեցրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 3 անգամ հանդիպել է Քերիի հետ և առնվազն 3 անգամ հեռախոսազրույց է ունեցել նրա հետ՝ քննարկելով տարածաշրջանային խնդիրներն ու սպառնալիքները: Քերին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի ներսում: