«Ես ստեղ չեմ եղել, ինքը իրա հեքիաթները պատմել ա». տուժողները միջնորդում էին լրացուցիչ հարցաքննել Վարդան Պետրոսյանին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի՝ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը:

Այսօր դատական նիստի ընթացքում դատավորը հրապարակեց այդ եզրակացության մի քանի հատվածներ: Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննել Վարդան Պետրոսյանին՝ նշելով, որ Արթուր Հակոբյանը հարցեր ունի ամբաստանյալին:

Վարդան Պետրոսանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալն իրավունք ունի ցուցմունք տալ, իրավունք ունի ցուցմունք չտալ, իսկ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս իրեն: Նա նշեց, որ նախապես խորհրդակցել է իր պաշտպանյալի հետ, ով հայտնել է, որ ցանկություն չունի լրացուցիչ ցուցմունք տալ, և իր ցուցմունքին ավելացնելու ոչինչ չունի:

Վարդան Պետրոսյանն էլ իր հերթին ասաց, որ այժմ բոլոր հարցերին պատասխանում է լռությամբ, տուժողների բոլոր հարցերին կպատասխանի այն օրը, երբ դուրս կգա քրեակատարողական հիմնարկից: Նա ասաց, որ տուժողների հարցերին կպատասխանի նրանց աչքերին նայելով:

«Ես ստեղ չեմ եղել, ինքը իրա հեքիաթները պատմել ա»,- հայտարարեց տուժող Արթուր Հակոբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս