Սեյրան Օհանյանը՝ զինծառայող Ս. Հարությունյանի մահվան վարկածների մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ եղել էր այն զորամասում, որտեղ օգոստոսի 8-ին ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը: Այսօր լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ նրա մահվանից հետո ինքը հանձնարարել էր ծառայողական քննություն իրականացնել:
«Ծառայողական քննության նյութերով ես խորհրդակցություն անցկացրեցի զորամասերում և, անկասկած, քրեական ողջ գործընթացի և ծառայողական քննության անցկացման նյութերում ունեցած տեղեկատվությունները փոխլրացնում են և հետագայում քրեական գործընթացի ընթացքում օգտագործվում են,- ասաց Սեյրան Օհանյանը՝ շարունակելով,- Անկասկած, այսպիսի յուրաքանչյուր դեպք մտահոգում է բանակին, մանավանդ որ՝ այսպիսի վարկածներ 2014թ. համար առաջին անգամ են:
Մենք այսօր լայն պայքար ենք մղում հասարակության հետ, հասարակության մեջ և բանակում արատավոր փողոցային բարքերի դեմ և, անկասկած, այն զորամասերում, որտեղ կան թերություններ, այդ զորամասերի ղեկավարները մեզանից և ուղղություն են ստանում, և իրենց համապատասխան արժանի պատիժն են ստանում: Ես երեկ իմ խոսքի մեջ ասացի, որ պատժվելու են շատ-շատ մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այդ մթնոլորտի համար: Իսկ դեպքը տեղի է ունեցել, ինձ թվում է և միջանձնային հարաբերությունների խախտման արդյունքում, և փոխվստահության մթնոլորտի բացակայության, և նաև կան վարկածներ, որ այդ իրողությունը համապատասխան արդյունք է, ասենք, տնից բերած սննդից ստացած թունավորման: Այդ բոլոր ուղղություններով էլ մենք աշխատանք տանելու ենք»:
Նա նշեց նաև, որ իր համար պահեստային, ոչ առաջին գծի զորամասերում այսպիսի դեպքերն անընդունելի են: