
ԱՄՆ քաղաքացի Սայիդ Նուրիին արտաքսել են Ադրբեջանից՝ կարգադրելով այլևս հետ չվերադառնալ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախկինում ընդդիմադիր ակտիվիստ, ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացի Սայիդ Նուրին Twitter-ի իր միկրոբլոգում երեկ երեկոյան գրել է, որ իրեն արտաքսել են Ադրբեջանից: Նա նաև գրել է, որ Ադրբեջանում իրեն կարգադրել են երկիրը լքել մինչև կեսգիշեր և այլևս չվերադառնալ այնտեղ:
Ավելի ուշ նա գրել է, որ իրեն 7 մարդու ուղեկցությամբ հասցրել են օդանավակայան, իսկ իր բջջային հեռախոսն անջատված է եղել: Սայիդ Նուրին համացանցում իր ինտիմ կյանքի մասին լուսանկաներն ու տեսանյութը որակել է որպես իր դեմ ուղղված Ադրբեջանի իշխանությունների «կեղտոտ կամպանիա»:
Նուրին հայտարարել է, որ իրեն չի մտահոգում այդ ամենը: Սայիդ Նուրին արդեն 8 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում թույլ չէին տալիս, որ նա լքի երկիրը՝ դա պատճառաբանելով հարուցված քրեական գործով, որով Նուրին անցնում էր որպես վկա: