ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որոնք կառնչվեն էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներին: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տարածած հայտարարությունում, որը երեկ տեղ է գտել Սպիտակ տան կայքում:
Դրանում նշված է, որ եթե Ռուսաստանը կատարի մինսկյան պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները, ապա Սպիտակ տունը կարող է չսահմանել նոր պատժամիջոցներ:
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ից հետո պատրաստ է սահմանել նոր պատժամիջոցներ՝ ընդգծելով, որ իրենք հստակ հասկացնել են տալիս, որ պատրաստ են Ռուսաստանին հարկադրել վճարել բարձր գին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի ապակայունացման համար:
Օբամայի խոսքերով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է մինսկյան համաձայնագրի իրագործմանը, սակայն չկան համոզիչ ապացույցներ, որ Ռուսաստանը դադարել է ջանքեր գործադրել Ուկրաինայում իրավիճակի անկայունացման ուղղությամբ: Օբաման ընդգծել է, որ նոր պատժամիջոցների մանրամասները կհրապարակի սեպտեմբերի 12-ին: