ՌԴ ԱԳՆ-ը ԵՄ-ին մեղադրել է փոխհարաբերությունները սրելու մեջ
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԵՄ-ի որոշումը վկայում է, որ Բրյուսելը որդեգրել է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա սրացման կուրս: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի երեկվա պաշտոնական հայտարարությունում:
ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել, որ ներկա դրությամբ Ուկրաինայում ընթանում է խաղաղության փխրուն գործընթաց, սկսվել է գերիների փոխանակում, և այդ ֆոնին պատժամիջոցային էսկալացիան հատկապես տեղին չէ ու հանդիսանում է անհեռատես քայլ:
ՌԴ ԱԳՆ-ը կարծում է, որ ԵՄ-ի գործողությունները զուրկ են տրամաբանությունից ու առողջ մտածելակերպից: ՌԴ ԱԳՆ-ը խոստացել է, որ հակառուսական նոր պատժամիջոցներն արժանի արձագանք կստանան իրենց կողմից: Այսօր ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի նոր պատժամիջոցները, որոնք ընդունվել են դեռ երկուշաբթի:
ԵՄ-ը մտադիր է սահմանափակել ռուսական երեքական պաշտպանական ու էներգետիկ ընկերությունների մուտքը դեպի իր կապիտալի շուկա: Բացի այդ, նոր պատժամիջոցներն առնչվելու են ռուսական խոշորագույն պետբանկներին ու 24 ֆիզիկական անձանց: Դրանք չեն առնչվելու գազային ոլորտին: