Բաժիններ՝

Դատապարտում են լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը

Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։

Լրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաեւ խորհրդարանի տարածքից այնտեղ շտապող անձնավորությանը, երբ վերջինս, պաստառը պոկելով՝ հարձակվել է նրա վրա, հարվածել ձեռքին եւ գետնին գցել նկարահանող սարքը:

Իր աշխատանքը կատարող լրագրողի հանդեպ բացահայտ ագրեսիա դրսեւորած եւ բռնություն գործադրած անձը միջադեպին ներկա գտնվողների պահանջով ներկայացել է որպես «անվտանգության աշխատակից»: Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք բռնությունը, այն համարում ենք լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, հետեւաբար՝ քրեորեն պատժելի արարք:

Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

– ՀՀ Ազգային ժողովից՝ պատասխանատվության ենթարկել նշված անձնավորությանը եւ միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու նպատակով,

– ՀՀ դատախազությանից՝ սույն հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին:

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

11 սեպտեմբերի 2014թ.,
Երեւան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս