Արտգործնախարարը ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և նշեց, որ խորհրդարանական ձևաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի անդամ ֆրանսիացի սենատորների և պատգամավորների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան և Արցախ` ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում` առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային գործընթացների մասին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորներն ասացին, որ տպավորված են Արցախ այցելությունից, իշխանությունների և բնակչության հետ հանդիպումներից։ Նրանց բնորոշմամբ` արցախցինները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետակաշինության և զարգացման գործում։ Նրանք վստահեցրին, որ շարունակելու են ջանքերը` հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման նպատակով։

Զրույցի ընթացքում քննարկվեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական և ֆրանսիական պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս