Արփինե Հովհաննիսյանը չի հասցրե՞լ ծանոթանալ ՀՀԿ-ական պատգամավորների կողմից լրագրողներին ուղղված վիրավորանքներին և անհարգալից պահվածքին
ԱԺ ՀՀԿ խմբակցությունը Էթիկայի հանձնաժողովի անդամ է առաջադրել պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Այս լուրը լրագրողների հետ զրույցում հաստատեց Ա.Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, որ ենթադրաբար անդամ դառնալուց հետո կընտրվի նաև հանձնաժողովի նախագահ, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա միայն մամուլի ենթադրությունն է. «Այս պահի դրությամբ այդ ենթադրության հավանական իրավական և իրական հիմքերի մասին ես որևէ տեղեկատվություն չունեմ»:
Հարցին, թե այս շաբաթվա սկզբին ՀՀԿ-ական պատգամավորների կողմից լրագրողներին ուղղված վիրավորանքների և անհարգալից պահվածքի հետ կապված Էթիկայի հանձնաժոովն ի՞նչ անելիք ունի, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի հետևել մամուլի հապարակումներին՝ հարգելի պատճառով, որ 4-րդ օրն է նախագծեր է զեկուցում և ամբիոնի մոտից որևէ տեղ չի հեռացել ու չի կարողացել դիտել տեսանյութերը:
«Պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախկինում որոշակի լսումներ էր նախաձեռնել միջազգային փորձագետների ներկայությամբ, որոնք խոսում էին էթիկայի կանոնների ընդլայնման անհրաժեշտության և ընթացակարգերի կամ լիազորություների որոշակի փոփոխման մասին: Այս պահի դրությամբ ես իրավասու չեմ որևէ նման հայտարարությամբ հանդես գալ, բայց էթիկայի նորմերը կամ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող նորմերն անընդհատ կատարելագործման կարիք ունեն, և սա ցույց են տալիս նաև միջազգային պրակտիկան ու տարբեր երկրներում ընդունված նորերը»,- ասաց Ա.Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ կոնկրետ դրվագի վերաբերյալ գնահատական կարող է հնչեցնել միայն այն ուսումնասիրելուց հետո: