Ուղեվարձի թանկացում՝ ագահություն, թե ամհրաժեշտություն
Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը փոփոխության է ենթարկվելու: Մինչ այսօր գործող 70 դրամ ուղեվարձը վերանայվել է եւ սահմանվել նոր ուղեվարձ՝ 100 դրամ:
«Ապառաժ լրատվական»-ը ներկայացնելու է տարբեր տեսակետներ՝ կապված ուղեվարձի բարձրացման հետ:
ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Կամո Բարսեղյանի հավաստմամբ՝ խմբակցությունը դեռ վաղուց է կանխատեսել սպասվելիք թանկացումները, այդ իսկ պատճառով խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ խմբակցությունը հարց է ուղղել ԼՂՀ կառավարությանը վառելիքաքսուքային նյութերի արժեքի վերաբերյալ, որովհետեւ Արցախում առկա գները Հայաստանի Հանրապետության գներից անհամեմատ թանկ են:
«ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունն առաջարկել է համապատասխան քայլեր ձեռնարկել վառելիքաքսուքային նյութերի էժանացման ուղղությամբ, որպեսզի խուսափեինք այսօր իսկ ծագած խնդիրներից,- aparaj.am-ի հետ զրույցում նշեց Կամո Բարսեղյանը եւ հավելեց,- «Դաշնակցություն» խմբակցությունը գտնում է, որ Ստեփանակերտ քաղաքում եւ ամբողջ Արցախում սպասարկվող երթուղիների ավտոպարկը բավականին թարմացվել է եւ այսօրվա սպասարկման որակը չի կարելի համեմատել մի քանի տարի առաջ նույն ոլորտի սպասարկման որակի հետ: Այդ ոլորտում անհամեմամատ դրական տեղաշարժ կա:
Մեր խմբակցությունը գտնում է, որ Ստեփանակերտ քաղաքի ուղեվարձի համար 100 դրամը շատ մեծ գումար է, իսկ 70 դրամ ուղեարձն արտահայտում է ռեալ իրավիճակը: Ստեփանակերտի երթուղիները սպասարկող տենդերի մրցույթին մասնակցել են երկու ընկերություններ: Բնականաբար, նրանք իրենց բոլոր հաշվարկներն արել են 70 դրամի սահմաններում, ընդ որում՝ այդ 70 դրամում ներառված է եղել ե՛ւ շահույթը, ե՛ւ իրենց վարկերի սպասարկումը, հաշվարկված է եղել աշխատավարձային ֆոնդերն ու տեխնիկայի պահպանման ծախսերը, ինչպես նաեւ՝ նրանք պարտավոր էին ինքնարժեքում հաշվարկել ապագայում սպասվող ռիսկերը: Այսինքն՝ այսօրվա դրությամբ ուղեվարձի բարձրացման մասին հարց բարձրացնելը ագահության, այլ ոչ թե ռեալության նշան է:
Այդ ընկերությունները պարտավոր են մինչեւ տենդերի ժամկետների լրանալն ի կատար ածել իրենց պարտավորությունները: Եթե այդ ընկերություններն ուզում են չկորցնել իրենց շահույթները, թող աշխատանքներ տանեն կառավարության հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանը, որը հանդիսանում է Արցախի ամենահզոր եւ ամենամեծ համայնքի ղեկավար մարմինը, պետք է դիմի կառավարությանը, որպեսզի վառելիքի գինն իջեցվի: Վառելիքի գինն իջեցնելով՝ սպասարկման ինքնարժեքը կնվազի, իսկ շահույթը կշատանա: Այսօր այդ հարցի լուծման սխալ ուղղություն են վերցրել:
Երեւանում ուղեվարձի բարձրացումը բերեց նրան, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ պայքարեց ուղեվարձի բարձրացման դեմ, ու հասավ իր նպատակին: Հիմա ինչ, ուզում են, որ արցախցիները նույնպես հրապարակ դուրս գան: Այսօր Արցախում մեր ժողովրդի հիմնական մասը զբաղվածության խնդիր ունի եւ չունի եկամուտ, մի զգալի մասն աշխատում է ցածր աշխատավարձով, իսկ բարձր աշխատավարձ ստացողներն ունեն իրենց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները:
Ստացվում է այնպես, որ հասարակական տրանսպորտից օգտվում է միջին եւ կարիքավոր խավը: Հարց է առաջանում՝ ում հաշվին են ուզում այդ փոխադրող ընկերություններն ավելացնել իրենց շահույթները: Ստեփանակերտն իր բնակչության թվով եւ իր տարածքով հավասար է Երեւանի մեկ վարչական շրջանին: Հիմա ինչպես հասկանանք. Երեւանում քաղաքի մի ծայրից մյուսը տեղափոխվելու համար ուղեվարձը 100 դրամ է, արդյոք պետք է նույն 100 դրամ ներքաղաքային երթուղային տրանսպորտի ուղեվարձը վճարի Ստեփանակերտի բնակիչը:
Ի դեպ, ավտոբուսային երթուղիները սպասարկող ընկերությունը մրցութային տենդերը շահել է 6 տարի ժամկետով, որի ժամկետը դեռ չի ավարտվել: Չնայած մրցույթով շահած տենդերում հաստատված է եղել 70 դրամ երթուղու արժեքը, սակայն Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար Ավանեսյանի հավաստմամբ՝ հաշվի առնելով վառելիքաքսուքային նյութերի գների զգալի աճը, ինչու չէ, նաեւ վերջերս կատարված` աշխատավարձերի բարձրացումն ու ներքաղաքային երթուղիների բարելավման սկզբունքը, անհրաժեշտ է եղել վերանայել միջքաղաքային ուղեվարձը:
«Երթուղու ուղեվարձի փոփոխությունը կարգավորվում է ԼՂՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի համաձայն, եւ համաձայն այդ օրենքի՝ երթուղու ուղեվարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով` դրամի արժեզրկման, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների եւ ավտոպահեստամասերի գների աճի հետ կապված՝ կազմակերպության ներկայացրած գրությունների համապատասխան հաշվարկների հիման վրա եւ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ, իսկ այն հաստատվել է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմնի որոշմամբ: «Մհեր» ՍՊԸ-ի եւ «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ի կողմից հիմնավոր հաշվարկներ են ներկայացվել:
«Մհեր» ՍՊԸ-ի կողմից երթուղու սպասարկման համար առաջարկել է 112 դրամ, իսկ «Ստեփանակերտ սերվիս» ՓԲԸ-ի կողմից` 120 դրամ: Համապատասխան ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել Ստեփանակերտի քաղաքապետի մոտ, եւ քաղաքապետի առաջարկությամբ ներքաղաքային տրանսպորտի համար սահմանվել է 100 դրամ գումարը: Ստորագրվել է քաղաքապետի համապատասխան որոշում, որն էլ ուղարկվել է ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցում ստանալու նպատակով»,-aparaj.am-ի հետ զրույցում նշեց Էդգար Ավանեսյանը: