
Հովիկ Աբրահամյան. Ժամկետը երկարացնենք, մինչև մեր կառավարության… մինչև ԱԺ ընտրությունները

ՀՀ կառավարության նիստում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքների փաթեթը, որը նախկինում՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակաշրջանում, մեկ անգամ արդեն ներկայացվել էր:
«Նախկինում մեկ անգամ արդեն ներկայացվել է, բայց ընդդիմության պատճառով չի քվեարկվել»,- հայտարարեց Կ.Ճշմարիտյանը:
Նա հայտնեց, որ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին տրամադրվում են արտոնություններ, որպեսզի ոլորտը տարածաշրջանում լինի ավելի մրցունակ: Նախատեսվում է եկամտահարկը սահմանել 10%, շահութահարկը՝ 0%: Ըստ նախարարի՝ սա 6 տարվա ժամկետ ունեցող արտոնություն է, որ ընդունված է միջազգային պրակտիկայում:
«Մի հարց ունեմ՝ ինչի՞ համար է 6 տարով տրվում»,- հարցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կ.Ճշմարիտյանը պարզաբանեց, որ այն ընկերությունները, որոնք մինչ այդ ժամկետը կհավաստագրվեն, կստանան արտոնություն, դրանից հետո կդադարեցվի հավաստագրումը: «Արտոնությունների ընդհանուր կիրառումը ժամանակավոր զարգացման համար է»,- նկատեց նախարարը:
Ժամկետի սահմանաչափը Հ.Աբրահամյանին այնքան էլ չգոհացրեց ու կարգադրեց վերանայել այն:
«Ժամկետը երկարացնենք, մինչև մեր կառավարության…,- ասաց վարչապետը ու հավելեց,- մինչև ԱԺ ընտրությունները»: