Բաժիններ՝

Օգնություն Գյումրուն. հեռուստամարաթոնի հանգանակած գումարով ձեռք կբերվեն բնակարաններ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Շանթ» հեռուստաընկերության ջանքերով Լոս Անջելեսում կազմակերպված վեցժամյա հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված 664 հազար ԱՄՆ դոլարով նախատեսվում է Գյումրու անօթևան, սոցիալապես անապահով, բազմազավակ մի քանի տասնյակ ընտանիքների համար բնակարան ձեռք բերել:

Անօթևան ընտանիքների ընտրության հարցում օգնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ տարածած տեսանյութերը, որոնցում ներկայացված են սոցիալապես անապահով, բազմազավակ, տնակներում ապրող ու պետական աջակցությամբ բնակարան ստանալու որևէ հույս չունեցող ընտանիքները:

Կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը հեռուստամարաթոնը կարևորում է այնքանով, որ անօթևաններին բնակարաններ հատկացնելուց բացի, աշխարհին ներկայացվում է Գյումրում տիրող իրավիճակը:

«Իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը այլևս չունի աղետի գոտի, Գյումրին չունի անօթևաններ, բայց իրականությունն այլ է: Գիտեմ, որ հայաշատ այլ համայնքներում էլ են նման նախաձեռնություններ պատրաստվում իրականացնել: Կանադայում նախատեսում են ծրագիր՝ ուղղված անօթևան ընտանիքներին, հիմա բանակցությունների մեջ ենք Գերմանիայի հայ համայնքի հետ»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է Թումասյանը:

Երկրաշարժից 26 տարի անց էլ Գյումրու վագոն-տնակներում՝ սոցիալական ծանր պայմաններում մարդիկ շարունակում են գոհատևելով ապրել: Անօթևան ընտանիքների թիվը 4300 է, որոնցից միայն 1000-ն են ընդգրկված պետության կողմից հաշվառված անօթևանության ծրագրում: Նրանցից 3300-ը դուրս են եկել անօթևանների ցուցակից ու կորցրել երբևէ տուն ունենալու հնարավորությունը:

Կառավարության որոշմամբ՝ 2012 թվականից Գյումրում կասեցվել է բնակարանաշինությունը: Փոխարենը՝ գործադիրը նախընտրել է բնակարանաշինության փոխարեն բնակարանների գնման վկայականներ տրամադրել ընտանիքներին ու հարցը լուծված համարել: Առաջիկայում նախատեսվում է 432 ընտանիքի տրամադրել բնակարանների գնման վկայագրեր:

«Այս մոտեցումը բարդացնում է անօթևանների վիճակը: Հաշվի առնելով նման դառը փորձը՝ քաղաքաշինության նախարարի հետ հանդիպմանը առաջարկեցինք սերտիֆիկատ տրամադրելու փոխարեն անօթևաններին բնակարաններ առաջարկել, սակայն մեր առաջարկությունը հավանության չի արժանացել, քանի որ պատրաստի բնակարանով ապահովելն ավելի թանկ արժե, քան սերտիֆիկատ տրամադրելը։ Ծախսատար լինելու պատճառով էր հենց դադարեցվել է բնակարանաշինության ծրագիրը։ Բնակարանները թանկ են լինում, մարդիկ ընկնում են քաշքշուկների մեջ, գումար չեն ունենում, որ կարողանան ավելացնել ու բնակարան գնել: Մենք նախադեպը ունեցել ենք, երբ քաղաքացիները պարզապես հետ վերադարձրին բնակարանների գնման վկայագրերը»,- ասում է Թումասյանը:

Անդրադառնալով հեռուստամարաթոնի միջոցներով հանգանակված գումարներին՝ նա նշում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կրկնապատկելու է այն, ինչի արդյունքում թերևս հնարավոր կլինի 30 անօթևան ընտանիքի ապահովել բնակարանով: Հեռուստամարաթոնի կազմակերպիչները նպատակ ունեն բնակարանները նորոգելուց ու կահավորելուց հետո նվիրել այն քաղաքացիներին: Թումասյանը նշում է, որ ճիշտ կլիներ բնակարանները բաժանելիս հաշվի առնվեին մի շարք կարևոր առաջնահերթություններ:

«Ցուցակում ընդգրկեն այն ընտանիքներին, ովքեր հաշվառված չեն պետության կողմից փոխհատուցման ցուցակներում, որպեսզի չլինի այնպես, որ բարեգործական ծրագրերի հաշվին իրականացվում են պետական ծրագրերը, պետությունը պետք է կատարի իր պարտավորությունները: Երկրորդ՝ պարտադիր պահանջ պետք է դնեն այդ ընտանիքների առաջ, որ բնակարան ունենալուց հետո քանդեն իրենց վագոն- տնակները,- ասում է Թումասյանը: – Մենք նաև կարծում ենք, որ կահավորելու և նորոգելու գումարները ավելի լավ կլինի ուղղորդեն ավելի շատ բնակարաններ ձեռք բերելուն, կարևորը՝ գլխավերևում տանիք ունենալն է, նորոգման խնդիրը իրենք էլ իրենց միջոցներով կարող են լուծել, բայց բնակարան չեն կարող գնել»:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն սփյուռքի ու տեղի բարերարների նվիրատվությունների միջոցներով կարողացել է 18 անօթևան ընտանիքի բնակարանով ապահովել:

«Մեր դեպքում մենք պարտադիր պայման ենք դնում, պայմանագիր ստորագրում, որ բնակարանը չեն օտարի՝ չեն վաճառի: Քանդել ենք տալիս իրենց վագոն-տնակները, որ ո՛չ իրենք շարունակեն այնտեղ ապրել, ո՛չ էլ մեկ ուրիշը: Շատ հնարավոր է, որ տունը վաճառեն ու նորից հետ գնան այնտեղ ապրելու, բայց այստեղ խնդիրն այն է, որ քաղաքը պետք է մաքրվի այդ տնակներից»,- բացատրում է Թումասյանը:

Այնուհանդերձ, կազմակերպության ղեկավարին ավելի շատ անհանգստացնում է մոտեցող ձմեռը՝ մեկ ամիս հետո Գյումրում վառելու են վառարանները, մինչդեռ վագոն-տնակներում ապրողների գրեթե գերակշիռ մասը զրկված է ձմեռվա վառելիքից:

«Ծայրահեղ ընտանիքներ ունենք, ովքեր ոչինչ չունեն, հրաժարվում են թե՛ գազից, թե՛ էներգիայից, որովհետև թանկ է: Արդեն մի քանի տարի վառելափայտի բաշխման այս ծրագիրն ենք իրականացնում, անցյալ տարի մեզ միացավ նաև Գյումրու քաղաքապետարանը՝ 450 ընտանիքի փայտ բաժանեցինք, կարողացանք մասամբ ձմեռը ապահովել վառելափայտով, ամբողջ տարվա համար չենք կարող, մենք այդ հնարավորությունները չունենք,- ասում է կենտրոնի ղեկավարը: – Մարդիկ աղբանոցներից կոշիկ ու շիշ են հավաքում ու վառում: Սփյուռքի ու ներսի մեր գործընկերների, բարեգործների միջոցներով կփորձենք ծրագիրը շարունակել»:

Առջևում ձմեռ է, և բնակարանային խնդրից զատ, ձմեռը հաղթահարելու առաջ են կանգնած 3500 գյումրեցի ընտանիքներ՝ շուրջ 12 հազար մարդ, որոնց գերակշիռ մասը ծերեր ու երեխաներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս