Շինարարները փողոցներն ավերակ են դարձրել
«Տեսանկյունի» թղթակցին դիմել են Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց բողոքն են հայտնում սահմանամերձ քաղաքի Բարանայի փողոցում եւ Ամերիկյան թաղամասում խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքների որակի՝ ավելի ճիշտ՝ անորակության վերաբերյալ:
Ջրագծի ներքին ցանցում նորոգում կատարելու, ջրաչափերի արկղեր տեղադրելու համար փողոցների ծածկը քանդվել է: Մի տեղ ավտոմեքենան ջարդել է ջրաչափի կապույտ արկղը: Նշենք,որ քաղաքի առանձնատների համար նախատեսված ջրաչափերը դեռ տեղադրված չեն:
Նոյեմբերյանի քաղաքապետարանը նախկինում Բարանայի փողոցում սալահատակ է արել: Փողոցները քանդվել է , շինանյութը դարսվել է փողոցների եզրերին: Ավելի քան 2 ամիս նման վիճակ է, սակայն շինարարները մատը մատին չեն խփում: Բարանայի փողոցում 3-4 տեղ խրամատներ են փորված:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչներն ասացին,որ աշխատանքներն իրականացրած «Սպիտակ-1» ընկերությունը շահել է ոչ միայն Նոյեմբերյանի, Բերդ քաղաքի, այլեւ՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի խմելու ջրագծերի ներքին ցանցերի վերանորոգման մրցույթները: Քանի որ աշխատանքների ծավալը մեծ է, ընկերությունը ստիպված Նոյեմբերյանում կիսատ է թողել նորոգման գործը:
Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ աշխատանքների պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է, սակայն ինքը եւս ստորագրելու է աշխատանքների հանձնման ակտի ներքո: Քաղաքապետը հավաստիացրեց՝ եթե գործը որակյալ չարվի , շինարարական աղբը փողոցներից չհանվի, ինքը ծրագրի կատարման ակտի տակ չի ստորագրելու : Նշենք,որ ջրագծի վերանորոգումը կատարվում է Ասիական բանկի 1 միլիոն 200 հազար դոլար վարկավորմամբ:
Այդ ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում նորոգել, 25 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծում պլաստմասսե խողովակներով փոխել գործող ցանցը, վերանորոգել քաղաքի 4 ջրամբարները, առանձնատների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ, նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ: