Բաժիններ՝

«Ոչինչ չիմանալով՝ հնարավոր չէ մտածել». հարցազրույց պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանի հետ

«Առավոտ» հարցազրույց է հրապարակել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանի հետ

Այս տարվա սեպտեմբերին կլրանա Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի բացման 50-ամյակը: Այդ առիթով «Առավոտ» -ը  զրուցել է հայ փիլիսոփաների ավագ սերնդի ներկայացուցիչ,17 մենագրությունների հեղինակ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Աբրահամյանի հետ:1950 թվականին ավարտելով Մոսկվայի պետական համալսարանը՝ նա եկել է Երեւան եւ երկար տարիներ աշխատել է իբրեւ խմբագիր, ակադեմիայի գիտաշխատող եւ դասախոս՝ դասավանդելով ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետում, ինչպես նաեւ Երեւանի տարբեր բուհերում, այդ թվում՝ նաեւ Հայ-ռուսական համալսարանում:

–Ի՞նչը Ձեզ դրդեց որոշում կայացնել՝ Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ ընդունվելու: Ձեր դեպքում դա առավել եւս դժվար էր. 1945-ին, Հաղթանակից անմիջապես հետո, Թբիլիսիից Մոսկվա գնալու համար պահանջվում էր հատուկ հրավեր:

-Մեր դպրոցում (Թբիլիսիի հայտնի թիվ 43 դպրոցն է – խմբ.), երբ ես բարձր դասարանի աշակերտ էի, գործում էր փիլիսոփայական խմբակ: Դժվար է ասել՝ ում մոտ ծնվեց այդ միտքը` գուցե ինձ մոտ: Դասավանդվող առարկաներից ոչ մեկը, փաստորեն, նույնիսկ լավ ուսուցիչների առկայության դեպքում, չէր պատասխանում «ինչու» հարցին: Այդ «ինչու»-ն վերաբերում էր, նախեւառաջ, պատմությանը եւ ներկային. ինչու սկսվեց այդ պատերազմը, այն մեր աչքի առաջ էր: Ես վաղուց ունեի տարօրինակ սովորություն. ընկերություն էի անում ինձանից մեծերի հետ` եւ՛ դպրոցում, եւ՛ համալսարանում, եւ մեր այդ խմբակը ղեկավարում էր Թբիլիսիի պետական համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի ուսանող Ռոլանդ Սիմոնգուլյանը: Ունեինք նաեւ պատմության շատ լավ ուսուցիչ` Ա. Խ. Էտջուբյան, որի շնորհիվ ես տարվեցի պատմությամբ: Նա այդտեղ մեծ դեր ունեցավ: Հետո, երբ սկսեցի խորանալ, հասկացա, որ ինձ հետաքրքրում է ոչ այնքան պատմությունը, որքան պատմության փիլիսոփայությունը: Ոչ թե փաստերը, այլ դրանք հասկանալը, մեկնելը:

– Իսկ մեր օրերում ի՞նչը կարող է երիտասարդին մղել դեպի փիլիսոփայություն, եկեք դրանից առաջ մի մանկական հարց տամ. ի՞նչ է փիլիսոփայությունը, ինչպե՞ս է պետք դասավանդել փիլիսոփայությունը:

-Բանն այն է, որ ուզած-չուզած՝ երիտասարդն ինչ-որ աշխարհայացք ունենում է. առանց աշխարհայացքի մարդ չկա, բայց այն սովորաբար առօրեական է լինում: Աշխարհայացքը պետք է ոչ թե վերցնել քո շրջակա մթնոլորտից, այլ ստեղծել ու մշակել քո սեփական ջանքերով: Առաջ մենք բոլորս ընդհանուր աշխարհայացք ունեինք` մարքսիստական: Նույնիսկ ոչ այնքան մարքսիստական, բառիս բուն իմաստով, այլ դասագրքային-մարքսիստական: Երբ երկիրը փլուզվեց, հիմնական դասագիրքը Ֆրոլովի դասագիրքն էր, որը վերարտադրում էր հին մարքսիստական սխեման: Ճիշտ է, հետո դասագրքերը բազմացան, բայց բոլորի սխեման նույնն էր: Ես համեմատել եմ 10-12 դասագիրք` ըստ էության, սրանք ոչ մի բանով չէին տարբերվում. ամեն ինչ նույնն էր:

– Իսկ ինչպե՞ս է պետք դասավանդել փիլիսոփայությունը: Այսօր միակերպության պահանջ չկա, կարծես, մենք դրանից ձերբազատվել ենք: Բայց հարցն անպատասխան է մնում: Ինչպե՞ս վարվել եղած դասագրքերի հետ (դրանք կան նաեւ հայերեն)` թողնե՞լ, օգտագործե՞լ… Գուցե ամեն մի դասախոս դասավանդի ինչպես ուզո՞ւմ է: Երեւի` ոչ: Արդյո՞ք ընդհանուր հիմք պետք չէ:

-Լավ կլիներ փիլիսոփայությունը դասավանդել «դասական կամ համաշխարհային փիլիսոփայություն» խորագրի ներքո` Պլատոնից, Արիստոտելից սկսած, Հեգելով վերջացրած:

– Եթե փորձենք այդպես անել, կստացվի, որ ուսանողն ինքնուրույն պետք է մշակի դասական տեքստեր: Իսկ եթե նրանք պատրաստ չեն դրան, ի՞նչ անել:

Իհարկե, սկզբնաղբյուրների հետ պետք է աշխատել: Ու ճիշտ է, դա դժվար է` թե՛ ուսանողի, թե՛ դասախոսի համար:

– Վերջին տասնամյակներում սրվել է ազգային հարցը: Ո՞րն է մեր գաղափարախոսությունը: Մեզ ասում են՝ ազգայինը: Բայց նույնքան ազգային է, ասենք, լեհերի կամ իռլանդացիների գաղափարախոսությունը: Բոլոր «փոքր» ազգերի գաղափարախոսությունը խարսխված է այդ գաղափարի վրա: Իսկ ինչպե՞ս տարբերակել հենց մեր՝ հայերիս, ազգային գաղափարախոսությունը:

– Իսպառ բացառել դա՝ անհնար է: Առաջընթացն այդ գաղափարի կատարելագործման մեջ է: Եվ Ձեր խոնարհ ծառան հուսով է, որ Դուք ինձ չեք հարցնի՝ ի՞նչ է սերը. ո՞րն է կյանքի իմաստը…

– Ես ուզում եմ դրանից խուսափել, ես կտամ ուրիշ հարց: Անձամբ Ձեզ ի՞նչ է տվել փիլիսոփայությունը:

-Պետք է հարցնել՝ ոչ թե ինչ է տվել փիլիսոփայությունը, այլ՝ ինչ է տվել փիլիսոփայելու սովորությունը: Դա ինձ տվել է հարաբերական հոգեկան հավասարակշռություն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս