Բաժիններ՝

Նորաձևության տասը կանոն, որոնք անդառնալիորեն հնացած են

Lady.mail.ru-ն ներկայացնում է նորաձեւության տասը կանոն, որոնք արդեն անհուսալիորեն հնացել են եւ անգամ կարող են անճաշակություն համարվել: Այսպիսով.

Կոշիկն ու պայուսակը պարտադիր պետք է նույն գույնի լինեն

Դժվար է ասել, թե որտեղից է եկել այս կանոնը, սակայն այն այլեւս վաղուց նորաձեւության հետ ընդհանուր ոչինչ չունի: Եթե կանայք ցանկանում են հետաքրքիր կերպար ունենալ, ապա կարելի է պայուսակն ընտրել զգեստի նախշերի կամ անգամ խոշոր ականջողերի ու ապարանջանի գույնին:

Ոչ ավելի, քան երեք գույն հագուստի վրա

Այս կանոնը ոճաբանների շրջանում վաղուց է կասկածներ առաջացրել, բայց այն վերջնականապես ջախջախեց colourblocking կոչվող ոճային թրենդը: Այս միտումը սկզբունքորեն բացառում է կերպարում նվազգույն գույների առկայությունը՝ փոխարենը թույլ տալով ստեղծել հրաշալի look-եր, այդ թվում՝ նույն գույնի տարբեր երանգներից:

Սպորտային կոշիկները՝ միայն մարզասրահում

Դեռ անցած տարի իսկական ոճային հեղափոխություն կատարվեց. սպորտային կոշիկները դադարեցին միայն «սպորտային» լինել, հիմա «կյանքի համար» սպորտային կոշիկներ են արտադրում անգամ Dior –ն ու Chanel-ը, իսկ ոճային գեղեցկուհիները դրանք համադրում են անգամ երեկոյան զգեստների հետ:

Չի կարելի համադրել ոսկին ու արծաթը

Սա նույնպես հնացած պատկերացում է: Որոշ բրենդներ անգամ այդպիսի համադրությամբ զարդեր են արտադրում: Օրինակ՝ ոսկուց եւ սպիտակ մետաղից ապարանջանը հանգիստ կարելի է համադրել եւ ոսկյա, եւ արծաթե մատանիների հետ:

Փայլուն գործվածքները՝ միայն երեկոյան

Այսօր արդեն երեկոյան եւ casual ոճերի սահմանները գրեթե միաձուլվել են: Օրինակ, փուլերով զարդարված մատիտ- կիսաշրջազգեստ կարելի է հագնել եւ աշխատավայրում, եւ երեկոյան՝ համադրելով համապատասխան շապիկներով ու պայուսակներով:

Դենիմը (ջինսի կտորը) դենիմի հետ չի համադրվում

Ժամանակակից նորաձեւության գագաթնակետը total denim look-ն է: Ճիշտ է, գրագետ համադրությունը ոչ բոլորին է հաջողվում, սակայն եթե դա հաջողվում է իսկապես, ապա անզուգական է: Նրանք, ովքեր դեռ փորձարկում են, կարող են օրինակ վերցնել Ռիհաննայից կամ Քիմ Քարդաշյանից, որոնց դենիմային ոճը համարվում է ամենահաջողվածը:

Գիրուկ կանայք չեն կարող կիպ հագուստ կրել

Plus size չափսերով կանանց հատկապես խորհուրդ է տրվում կրել ոչ թե լայն ու տձեւ զգեստներ, այլ մատիտ-կիսաշրջազգեստներ, խիստ ոճի տաբատներ:

Սպիտակ գույնը կարելի է կրել միայն ամռանը

Ցուրտ եղանակը մուգ գունապնակ ամենեւին էլ չի ենթադրում: Իհարկե, սպիտակ կամ բաց գույնի վերարկուն կստիպի ավելի զգույշ լինել, սակայն հաստատ արժե այդպիսին ունենալ, հատկապես որ շահեկանորեն կարող եք տարբերվել ընդհանուր գորշության մեջ:

Տարբեր նախշերի համադրություն

Սա, իհարկե, հատուկ վարպետություն է պահանջում, սական կան տարբերակներ, որոնք կարելի է համադրել առանց դժվարության, օրինակ՝ շերտերն ու պուտերը. այստեղ կարեւոր է նաեւ գունային գամման:

Առանց զուգագուլպաների կարեւոր միջոցառումների ներկայանալը

Համարվում է, որ լուրջ ընկերություններում արգելվում են մերկ ոտքերը, բայց հիմա բյութի ինդուստրիան արդեն այլընտրանքային միջոց է գտել՝ այսպես կոչված «հեղուկ զուգագուլպաներ»: Իսկ ահա երեկոյան միջոցառումների ժամանակ զուգագուլպաները տեղին չեն, քանի որ լուսարձակներն անգամ ամենանուրբ զուգագուլպան կարող են «փայլփլուն ոտքերի» վերածել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս