ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար դեռևս հայտեր չեն ներկայացվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար մրցույթ է հայտարարվել, սակայն Արդարադատության նախարարությունը դեռ հայտեր չի ստացել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից: Նշենք, որ մրցույթի մասին հայտարարությունը ՀՀ արդարադատության կայքում տեղադրվել է սեպտեմբերի 2-ին:

Մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության գործունակ այն քաղաքացին, ով Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, ունի դատավորի պաշտոնում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ, կամ ունի դատախազի կամ փաստաբանի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 7 տարվա փորձ, կամ ունի մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա փորձ, կամ առնվազն 5 տարի իրավունք է դասավանդում բարձրագույն ուսումնական հաստատություններում, կամ ունի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ազատ տիրապետում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն):

Մրցույթին չի կարող մասնակցել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից կամ ունեն տարկետում` օրենքով նախատեսված կարգով ու հիմքով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս