Երվանդ Զախարյան. «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված մի քանի օրերի ընթացքում առաջարկությունների փաթեթը կներկայացվի
«Այս ամիսների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել նախարարության կողմից՝ կապված կոռուպցիոն ռիսկերի նվազման հետ, մշակվել է միջոցառումների ծրագիր՝ մոտ 2-3 տարում էներգետիկ բնագավառում կորուստների կրճատման հետ կապված»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցերին՝ էներգետիկա համակարգի, «Նաիրիտի», Վանաձորի քիմպրոմի, Որոտանի խնդիրների վերաբերյալ:
Նա հավաստիացրեց, որ կառավարության կողմից արվելու է ամեն ինչ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար: Ըստ նրա՝ նաիրիտցիների հետ վերջին հանդիպման ընթացքում հայտարարվեց, որ մինչև այս ամսի 15-ը մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի և կառավարությունը կկատարի իր խոստումը, իսկ վերագործարկման հետ կապված մի քանի օրերի ընթացքում առաջարկությունների փաթեթը կներկայացվի:
«Քիմպրոմի հետ Էներգետիկայի նախարարությունն այնքան է առնչվում, որքան Գյուղատնտեսության կամ Առողջապահության նախարարութունները: Իրենց հարցերը պետք է լուծվի բաժնետիրական ընկերությունների միջոցով: Կառավարության անունից կարող եմ հայտարարել, որ Քիմպորմի աշխատակիցների հարցը հուզում է նաև կառավարությանը»,- ասաց նախարարը:
«Ձեր վերաբերմունքը առնվազն հարգալից չէ իմ հանդեպ: Ես հարցնում եմ 4 ամսում Ձեր քաղաքականության մասին,- նախարարի պատասխանից վրդովվեց Ա.Մանուկյանը ու շեշտեց, որ նախարարը պետք է պատասխանատվություն վերցնի ու ասի, որ տեր է, եղել են սխալներ, բայց ամեն ինչ անելու են խնդիրները լուծելու համար,- Առնվազն 2 քրեական գործի խնդիր կա՝ «Նաիրիտը» ու Որոտանը: Դուք պատասխանատվություն վերցնո՞ւմ եք, թե՞ ոչ»:
Ե. Զախարյանը պատասխանեց, որ Էներգետիկայի նախարությունը կառավարության կողմից լիազորված կառույց է, որն իրականացնում էներգետիկայի ոլորտի քաղաքականությունը. «Ես հայտարարեցի, որ կան ծրագրեր և միջոցառումներ պատրաստ ու ընթացքի մեջ: Նշեցի, որ Ձեր բարձրացրած հարցերին 3 րոպեում պատասխանել հնարավոր չէ»: Ե.Զախարյանն առաջարկեց նամակով գրավոր պատասխանել պատգամավորի հարցերին:
«Կառավարության պատասխանը կարող է Ձեզ չբավարարել, որ բայց ըմբոստութան տեղիք չպետք է տա»,- իր հերթին նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: