Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:

Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը եւ Իջեւանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վանաձորի, Սպիտակի, Ալավերդու, Ախուրյանի, Սառնաղբյուրի, Պեմզաշենի համայնքների, Վարդենիսի «Պարտեզ» բարեգործական հիմնադրամի ղեկավարները:
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը կարեւոր համարեց թե փաստաթղթի բովանդակությունը, եւ թե համագործակցության ձեւաչափը:

«Կառավարության համապատասխան օղակները, միջազգային մեր գործընկերների՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ԵՄ կառույցների ու համայնքների հետ համագործակցության կարեւոր ուղղություն են որդեգրում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի որոշ ժամանակ անց կարողանանք արձանագրել համագործակցության արդյունավետությունը: Ծրագիրը, որն առաջին հերթին ուղղված է համայնքային կյանքին միգրանտների ինտեգրմանը, նրանց համար համապատասխան պայմանների ստեղծմանը, հուսով եմ, կլինի այն ծրագրեից, որը կնպաստի միգրացիոն երեւույթների կարգավորմանը, եւ համապատասխան համայնքներում կստեղծվեն որոշակի նախադրյալներ՝ նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների համար»,-նշեց փոխվարչապետը՝ ավելացնելով, որ ընդհանուր հաջողությունը կնպաստի նաեւ համայնքներում նոր ծրագրերի իրականացմանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ չորս մարզերում աշխատանքներն սկսվել են դեռ անցյալ տարի, եւ շուրջ 1000 ընտանիքի կարիքների գնահատում է իրականացվել: «Այս ծրագիրը թույլ է տալիս արդեն գնահատված կարիքների բավարարման ուղղությամբ կոնկրետ գործնական աշխատանքներ իրականացնել, մասնավորապես, օժանադակելով այդ ընտանիքներին: Ես նաեւ կարեւորում եմ տեղական սոցիալական ծրագրերի իրականացման հարցում համայնքների նախաձեռնությունը, քանի որ դա թույլ է տալու գնահատված կարիքներին համապատասխան ծառայություններ մտուցել»,-նշեց նախարարը: Ըստ նրա՝ ծրագիրը նաեւ կառավարության՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության շրջանակում է:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Աhրենսը նշեց, որ ծրագրերի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության եւ ծառայություն մատուցող մարմինների կողմից նախանշված առաջնահերթությունները:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ՏԻՄ-երի ակտիվ մասնակցությունը սոցիալական ապահովության եւ երեխաների բարեկեցության գործում: Անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում, երեխաները որակյալ ծառայություններից օգտվելու իրավունք ունեն:Հայաստանի ՏԻՄ-երը իրականացնում են ոլորտային քաղաքականություն, որը կոչված է նպաստելու երեխաների բարեկեցությանը»,-ընդգծեց հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: Նա նաեւ նշեց, որ այսօրվա նախաձեռնությամբ ներքեւից վերեւ արդյունավետ պլանավորման եւ տեղական մակարդակում շահագրիգռ կողմերի համագործակցության նախադեպ է ստեղծում:

Հուշագրով ընդհանուր առմամբ 100 հազար եվրոյի դրամաշնորհային միջոցներ կհատկացվեն՝ համայնքային տասը ենթածրագրերի համար, որոնք կդառնան Եվրամիության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» ծրագրի բաղկացուցիչ մասը: Ենթածրագրերը մասնավորապես ուղղված են լինելու սոցիալապես խոցելի խմբերի եւ միգրանտ ընտանիքների աջակցությանը, երեխաների զարգացմանն ու կրթությանը, հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավմանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս