
ՀՀ-ն ՄԻԵԴ վճիռներով իր քաղաքացիներին շուրջ 570,000 եվրո փոխհատուցում է տվել. «Փաստինֆո»

Ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռներով առ այսօր Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին վճարել են շուրջ 570 000 եվրոյին համարժեք դրամ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արտյոմ Սեդրակյանը:
«Այն վճիռներով, որոնցով ՀՀ-ի կողմից խախտում է արձանագրվել, քաղաքացիների կողմից պահանջվել է շուրջ 16 մլն եվրոյին համարժեք փոխհատուցում»,- ասել է նա` հավելելով, որ թեև ԵԴ-ն բավարարել է միայն շուրջ 570 000 եվրոյի պահանջը, բայց սա ևս ՀՀ-ի նման երկրի համար բավական մեծ գումար է:
Ի դեպ, այս գումարը գոյացել է ընդհանուր առմամբ 49 վճիռների բավարարման արդյունքում: Իսկ փոխհատուցման ամենամեծ չափը, որը ԵԴ-ն պարտադրել է ՀՀ-ին վճարել իր քաղաքացիներին, եղել է 120 000 եվրոյին համարժեք դրամ:
Արտյոմ Սեդրակյանը համեմատության համար բերել է մի շարք երկրների օրինակներ, որտեղ ԵԴ վճիռներով փոխհատուցված գործերի գումարները կազմել են մի քանի միլիոն եվրոյին համարժեք ազգային արժույթ:
«Ուրախությամբ կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք չունենք թեկուզ 1 դրամ, որ չի փոխհատուցվել քաղաքացիներին` ԵԴ վճիռներով»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ընդդեմ ՀՀ-ի ԵԴ կայացրած վերջին` «Մինասյանն ընդդեմ ՀՀ-ի» գործով վճռով նախատեսված 6030 եվրո փոխհատուցմանը, ապա Արտյոմ Սեդրակյանը վստահեցրել է, որ այդ գումարը ևս դիմումատուին կհասնի սահմանված ժամկետում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: