«Դեպքից մի քանի ժամ առաջ Սամվելը զանգել էր մորը, ասել՝ մերսի, մամ, շատ համով էր, տղերքն էլ շատ հավանեցին». news.am
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրազենից ստացած վիրավորումից մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանը Մանկավարժական համալսարանի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր, զորակոչվել էր նախորդ տարվա հունիսին։ Սամվելի հարեւանները NEWS.am-ին պատմել են, որ թեեւ դեռ պարզ չեն նրա մահվան հանգամանքները, բայց իրենք վստահ են, որ Սամվելը չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ շատ հավասարակշռված երիտասարդ էր։
«Շատ դաստիարակված, կիրթ, արտակարգ ընտանիքի երեխա էր։ Երբեք կռիվների չէր մասնակցում։ Ոչ մի անշնորք բառ, անշնորհք շարժում, վատ բան չենք տեսել իրենից։ Չենք հավատում, որ նման բան կարող էր տեղի ունենալ։ Ոնց որ կինո լինի»,- պատմել է հարեւանուհիներից մեկը:
Սամվելն ընտանիքի միակ արու զավակն էր, ուներ մեկ քույր, հայրն էլ պաշտոնաթող փոխգնդապետ է։ «Հայրը փոքրուց միշտ ասում էր՝ իմ տղեն պիտի գնա ծառայի։ Երբեք չէր մտածում որդուն բանակից ազատելու մասին։ Մայրն էլ չափից դուրս հոգատար էր, անընդհատ ասում էր՝ Սամվելս, Սամվելս։ Ամեն կիրակի պարտադիր սնունդ էր ուղարկում որդուն։ Երեկ էլ էր ուղարկել։ Դեպքից մի քանի ժամ առաջ Սամվելը զանգել էր մորը, ասել՝ մերսի, մամ, շատ համով էր, տղերքն էլ շատ հավանեցին»,- պատմել է հարեւանուհին՝ նշելով, որ դեպքի օրը նա ժամապահ է եղել։