Նոր զարգացումներ «Նաիրիտ գործարանում»
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել է արտադրության գծով տնօրեն Ռուբիկ Սաղաթելյանը, ով «Նաիրիտը» ղեկավարում էր 2007-2009թթ.:
Մեր տեղեկություններով՝ այսօր «Նաիրիտ» է այցելել գործարանի նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը, ով, շրջանառվող լուրերի համաձայն, գործուն մասնակցություն ունի «Նաիրիտի» թալանին և ում փնտում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ է գործարանն այս օրին հասել և ով է դրա մեղավորը: Ընդ որում՝ Վ.Մելքոնյանը գործարան էր այցելել ոչ միայնակ, այլ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանի հետ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրանց այցի նպատակը սեպտեմբերի 4-ին նախարար Երվանդ Զախարյանի կողմից նաիրիտցիներին խոստացված առաջարկությունների փաթեթի մշակումն է:
Նախարարը, հիշեցնենք, խոստացել է, որ մինչև սեպտեմբերի 15-16-ը կներկայացնի գործարանի վերագործարկման և աշխատավարձերի պարտքի մարման մասին առաջարկությունների փաթեթ: Ժամկետը լրանալուն մեկ շաբաթ է մնացել և, բնական է, որ «Նաիրիտի» ճակատագրում վճռորոշ դերակատարում ունեցողները պետք է «գլուխ-գլխի տան» ու մի «լուծում» գտնեն:
Սակայն հարկ է հիշել «Նաիրիտի» դառը փորձը՝ լեհական, գերմանական, անգլիական ընկերությունների, «Իտեռայի», «Ռոսնեֆտի» հետ կապված, երբ կառավարոթյունը հայտարարում էր, թե այդ ընկերությունների հետ բանակցում է, բայց ոչ մի բանակցություն իրական արդյունք չտվեց և նաիրիտցիները այդպես էլ մինչ օրս կոտրած տաշտակի առաջ են: Չի բացառվում, որ այժմ էլ «հայտնվի» մի նոր ներդրող և ՀՀ կառավարությունը դրա հետ սկսի հեքիաթային բանակցություններ: Իսկ բոլորին էլ պարզ է, և դա վերջին բողոքի ակցիայի ժամանակ բարձրաձայնեց նաև արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, որ ամեն հաջորդ անգամ նաիրիտցիների ակցիաների ժամանակ ավելի քիչ մարդ է մասնակցում: