Պատգամավորը փոխնախարարին մեղադրեց ստախոսության մեջ
«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն ու լրացում կատարելու օրինագիծը հասարակական կազմակերպությունների հետ չի քննարկվել:
Այս մասին այսօր Աժ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ այդ մասին իրեն հայտնել են ՀԿ ներկայացուցիչները:
Պատգամավորը փոխնախարար Սիմոն Պապյանին մեղադրեց ստախոսության մեջ, ով մինչ այդ հավաստիացնում էր, որ ՀԿ-ների հետ համաձայնություն է ձեռք բերել: «Այս նախագծով ավելի է վատթարանալու իրավիճակը»,- շեշտեց Զ.Փոստանջյանը և նշեց, որ քաղաքացիները չեն կարողանալու տեղեկանալ, թե ինչպես է փոխվելու իրավիճակը, օրինակ, շինարարության, ՀԷԿ-երի կառուցման դեպքում:
«Նման նախագծի դեպքում պետք է լինեին հասարակական լսումներ, որոնք չեն եղել: Կոչ եմ անում լինեք անկեղծ և չստեք: ԱԺ կայքում մի նախագիծ եք դրել, հանձնաժողով մի այլ նախագիծ եք ներկայացրել: «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն իր հերթին կոչ արեց «հիշողության կորոստը վերականգնել»: Նա նշեց, թե այս օրենքն այս տարբերակով 6 անգամ ընդունվել է և փոփոխվելուց հետո 2 անգամ է ընդունվել: Ընդ որում, ըստ նրա, միջազգային կառույցները պահանջում են մեծամասնության համաձայնությունը: