«5 ամսում ԱԺ-ն ընդունել է 66 օրենք, 5 օրում՝ 77»
ԱԺ այս նստաշպրջանում ընդունած 136 օրենքներից միայն 7-ն է եղել խորհրդարանի նախաձեռնությանը:
Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նախորդ նստաշրջանում ԱԺ նախաձեռնությամբ ընդունված օրենքները եղել են 13%, իսկ հիմա այդ ցուցանիշն իջել է 5%-ի, այս ընթացքում 143 օրենքներից 77-ն արտահերթ է ընդունվել, 66-ն է միայն ընդունվել նորմալ ռեժիմով, այսինքն՝ խորհրդարանը չի կարողանում կարդալ, հասկանալ ու քննարկել:
«14 օրինագիծ ընդունվել է 1 օրում՝ 3 ընթերցումով: Դա հարյուրավոր էջեր է: Այսինքն, հնարավորություն չի տրվում բովանդակության մեջ մտնել ու ծանոթնալ խութերին՝ լավ ու վատ: Այստեղ կա հստակ վատ միտում: Հենց այս օրենքը («Բնապահպանական վերահսկողության մասին»,- Գ.Խ.) ընդունվել է որպես կարևոր օրենք հունիսի 21-ին, 2 ամիս անց նորից փոփոխում եք: Ձեր հին հիմնավորումները արդեն ուժի մեջ չե՞ն:
Ոչ, ասեք ճշմարտությունը, որ ՀԲ պահանջները չեն կատարվել, այժմ ստիպում են անել, որ տրանշը ստանաք: Սա ընդամենը տրանշ ստանալու համար է»,- ասաց Ա.Մանուկյանը: Նա շեշտեց, որ խոստացվել էր քննարկումներ կազմակերպել, ինչը նաև ՀԲ պահանջներից է. «5 ամսում ԱԺ-ն ընդունել է 66 օրենք, 5 օրում՝ 77: Սա ԱԺ արժանապատվությանը կպնող է: Պատգամավորը չպետք է թույլ տա նման վերաբերմունք իր ու խորհրդարանի նկատմամբ»: