Գ. Եղիազարյան. 2008 թվականին վերցրեցիք, Երևանի կեսին դատեցիք, բա այդ դատողները պետք է պատասխան չտա՞ն (տեսանյութ)
«Նախագահը փաստում է, որ մարդիկ խոսում են սահմանադրական բարեփոխումների ոչ ժամանակին հարցը առաջ քաշելու մասին: Ես չգիտեմ՝ այդ ժամանակը ե՞րբ է, և կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, և առաջին հերթին իշխանությունը պետք է մտածի այդ ժամանակի մասին»,-այսօր այս տեսակետը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ խոսելով ՀՀԿ նիստում սահամանադրական բարեփոխումների մասին տեղի ունեցած քննարկման մասին:
Ս. Ավետիսյանը կարծում է՝ ամեն իշխանություն չէ, որ ընտրություններից առաջ փորձում է սահմանադրական բարեփոխումներ իրականացնել. «Նախագահն ասում է նաև, որ դեռևս չի եղել մի քաղաքական ուժ, որը հստակ փաստարկներ բերի սահմանադրական բարեփոխումների այս կամ այն դրույթի վատ լինելու կամ ոչ հայրենանվեր լինելու, կամ ոչ ժողովրդական լինելու մասին: Ընդամենը ասում են, որ ժամանակը չէ, և այդքանով սահմանափակվում են: Դրա համար նա ասում է՝ մենք պատրաստ ենք փաստարկները քաղաքական ուժերի հետ քննարկենք, եթե այդ բարեփոխումների այս կամ այն դրույթներում կան փաստարկներ, որոնք կփորձեն մեզ համոզել, որ դրանք այսօր պետք չեն, կամ հակաժողովրդական են»:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ հարցադրում կատարեց՝ ասելով՝ «Նախ հասկանանք ի՞նչ է բարեփոխումը, ի՞նչն ենք բարեփոխում», որին ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Բարեփոխում ենք դատական համակարգը, բարեփոխում ենք իշխանության տարբեր թևերի հավասարակշռության խնդիրը, բարեփոխում ենք, որ մարդակենտրոն Սահմանադրություն լինի: Այս 3 հիմնական խնդիրներն ենք մենք բարեփոխում»:
Գ.Եղիազարյանն էլ հարցրեց՝ հիմա մարդակենտրո՞ն չէ այդ Սահմանադրությունը, որին Ս.Ավետիսյանը պատասխանեց՝ ոչ: Գ.Եղիազարյանի հաջորդող հարցին, թե ինչո՞ւ մարդակենտրոն չէ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Որովհետև Սահմանադրության մեջ շատ դրույթներ կան, որոնք խանգարում են, որ իշխանության ցանկացած մարմին կարողանա առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը իր հիմքում տեսնի: Այսօր, ցավոք սրտի, շատ հարցերում մարդիկ իրենց իրավունքները չեն կարողանում նորմալ պաշտպանել, որի համար էլ ասում ենք, որ անում ենք սահմանադրական բարեփոխումներ»:
Գ. Եղիազարյանի հեգնական հարցին, թե «մեր իրավունքները պահպանելու ձգտում ունե՞ք», Ս. Ավետիսյանը պատասխանեց. «Այո, շատ լավ նման ձգտում ունենք», որին Գ.Եղիազարյանը հակադարձեց՝ ասելով. «Բա Աղվան Հովսեփյանը պետք է նստի հիմա: 2008 թվականին վերցրեցիք, Երևանի կեսին դատեցիք: Բա այդ դատողները պետք է պատասխան չտա՞ն: Ինչի՞ համար դատեցիք, երբ ոչ մեկի վրա հանցանք չեք ապացուցել մինչև այսօր: Բա եթե բարեփոխումներից ենք խոսում, բա այդ մարդուն՝ Աղվան Հովսեփյանին, նորից տանում դնում եք ինչ-որ մի լուրջ ապարատի գլխի՞ն: Բա բարեփոխման փոխարեն դա մի արեք: Ես էլ, դու էլ գիտենք՝ ինչի է դա արվում, ում է ուղղված այդ բարեփոխումը, ում կյանքը պետք է երկարացնի այդ բարեփոխումը: Մի փոսի մեջ ենք հայտնվել, որտեղ մարդիկ, փախչելով այս երկրից, իրենց կաշին են փրկում»:
Ս.Ավետիսյանն էլ պատասխանեց՝ ասելով. «Ուզում ենք փոսից դուրս գանք», որին Գ.Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Բա դուրս գանք, բա դուրս է գալիս Աղվան Հովսեփյանին պաշտոնի եք դնում»:
Ս.Ավետիսյանն էլ նկատեց, որ այդ սահմանադրական բարեփոխումները որևէ անձի չի վերաբերում. «Եթե կա ցանկություն ընդդիմության կամ այլ քաղաքական ուժերի կողմից իրոք սատարել այս վիճակից դուրս գալու և ավելի լավ վիճակում հայտնվելու համար, ուրեմն, մենք ասում ենք՝ բերեք ձեր առաջարկությունները, որ ավելի լավ Սահմանդրություն ունենանք»:
Գ.Եղիազարյանն ասաց, որ մենք կարող է աշխարհի լավագույն Սահմանադրությունն ունենանք, և կարող է այդ Սահմանադրությունն ընդհանրապես չկիրառել. «Խնդիրն այսօր Հայաստանի Հանրապետությունում ոչ թե լավ օրենք ունենալն է, այլ օրենքը կիրառելն է»: