Մ. Բադեյան. «Դուրս եկեք փողոց, ցանկացածին հարցրեք, կասի` էս երկիրը երկիր չի»

«Բոլորը, մինչև անգամ անշունչ, մահացած մարդը հասկանում է` ինչ նպատակ է հետապնդում սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը, և ողջ հասարակությունն ընդհանրապես և խորհրդարանական ոչ իշխանական ուժերը մասնավորապես դեմ են այդ բարեփոխումներին,- այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` թե´ մամուլը, թե´ քաղաքական գործիչները բազմիցս բերել են հիմնավոր փաստարկներ այդ կապակցությամբ: Այս համատեքստում Բոստանջյանը, դիմելով իր ընդդիմախոսին` իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչ Մանվել Բադեյանին, հիշեցրեց ՀՀԿ մամուլի խոսնակի հայտարարությունը, որ գալիք տարիներին Հանրապետության կառավարման ղեկին ձգտելու միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է, ավելի կոնկրետ`այդ ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյան փողոցով, որտեղ տեղակայված է նրա գլխավոր գրասենյակը:

Մանվել Բադեյանը, ով մինչ այդ «դեղին մամուլին» մեղադրում էր հասարակական թյուր կարծիք ձևավորելու մեջ, հանկարծ հայտարարեց, որ բոլոր խնդիրների պատճառը Սահմանադրությունն է:

«Էսօր Հայաստանի Հանրապետությունում չկա մի մարդ, որ գոհ ըլնի գործող Սահմանադրությունից: Դուրս եկեք փողոց, ցանկացածին հարցրեք, կասի` էս երկիրը երկիր չի»,- ասաց Մանվել Բադեյանը:

«Եվ դա պայմանավորված է Սահմանադրությամբ, հա՞»,- հարցրեց Բոստանջյանը: Ի պատասխան` Բադեյանն ասաց. «Այո, բա դա գլխավոր օրենքն է»:

Վարդան Բոստանջյանի փաստարկն ավելի զորեղ էր. «Բադեյան ջան, էս երեք միլիոնը չի իմանում` ինչ է Սահմանադրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս