Ոչ իշխանական ուժերը՝ ընդդեմ կառավարության. Թույլ տվեք գրագետ քվերակենք, ոչ թե պարտադրված
ՀՀ կառավարությունն Ազգային Ժողովի այսօր սկսված նստաշրջանին հրատապ ձևով ներկայացրել է «Բնապահպանական վերահսկողության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ինչը հարուցել է ընդդիմադիր պատգամավորների վրդովմունքը:
«Ժառանգություն» պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ է օինագիծը հրատապ ներկայացվել և ի՞նչ է փոխվում դրանում, Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հայտարարեց, թե որոշ գործունեության տեսակներ դուրս էին մնացել, մասնավորապես՝ սննդի անվանգության վերաբերյալ և սահմանային չափաքանակի վերաբերյալ լուծումներ են տրվել. «Միջազգային փորձագետների կարծիքները թույլ տվեցին այս լայնածավալ փոփոխություններն ընդգրկել օրենքում: Ներկայացված օրենքները միշտ էլ կոմպրոմիսի արդյունք են: Այն ժամանակ լուծում չէր գտնվել, այժմ ՀԿ-ներն ու կառավարությունը համաձայնության են եկել»:
«Իմ կարծիքով՝ այլ պատճառներ կան: Արդյոք եկամտի նոր աղբյո՞ւր եք գտել, որ շտապում եք փոփոխություններն անել»,- հակադարձեց Թ.Պողոյանը:
«Այն գործունեությունները, որ լրացուցիչ ընդգրկվել են, դրանք շրջակա միջավայրի վրա զգալի բացասական ազդեցություն ունեն և որքան շուտ անենք, այնքան լավ»,- ասաց փոխնախարարը:
«24-ժամով ձեր ռեժիմը պատգամավորներին զրկում է գրագետ քվեակելու հնարավորությունից: Թույլ տվեք գրագետ քվերակենք, ոչ թե պարտադրված»,- բողոքին միացավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկայնը՝ պարզաբանելով, որ հնարավոր չէ 24 ժամում մի քանի օրենքների նախագծեր ուսումնասիրել, քննարկել ու գրագետ քվեարկել: Նա հիշեցրեց, որ անցած նստաշրջանում էլ կառավարությունը 140 օրենքներից 77-ը հրատապ էր բերել:
Ս.Պապյանը պատասխանեց, որ այս օրենքը ԱԺ-ում է 2013թ. հուլիսից, իսկ վերջին փոփոխությունները, մեկ ամիս է, կառավարության և նախարարության կայքում դրված են, փոփոխությունները քննարկվել են ՀԿ-ների հետ միասին:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձեց, որ վարչապետը օրինագիծը ստորագրել է սեպտեմբերի 4-ին, նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի 5-ին. «Խոսքը բոլորովին նոր նախագծի մասին է և հնի հետ շփոթել պետք չէ»: