Հերթական ծեծկռտուքը` գիշերային ակումբում. «Փաստինֆո»
Շաբաթ օրը երեկոյան հերթական միջադեպն է գրանցվել երևանյան գիշերային ակումբներից մեկում, այս անգամ` «Սկարլետ»-ում: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Թե կոնկրետ ի՞նչ ծեծկռտուք է տեղի ունեցել և ովքե՞ր են եղել դրա մասնակիցները, առայժմ չի բացահայտվում:
Ավելին, միջադեպի մասին կայքի հարցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ դեպքի օրը, «Սկարլետ» գիշերային ակումբից, իրոք, ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Սակայն, մեր զրուցակիցը միաժամանակ նաև հավելեց, որ ծեծկռտուքի մասին լուրերն առայժմ չեն հաստատվում:
«Մարմնական վնասվածքներ չեն գրանցվել, ակումբի տնօրինությունն ու այցելուները հերքում են միջադեպի մասին տեղեկությունները»,- նշում են Ոստիկանությունից: Իսկ մեր հարցին, թե այդ պարագայում ո՞վ է եղել ահազանգողը, պատասխանեցին՝ քաղաքացի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծեծկռտուքի դեպք էր գրանցվել նաև Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում: Հետաքրքրական է, որ ըստ լուրերի՝ 2 գիշերային ակումբներն էլ պատկանում են նույն անձանց:
Օգոստոսի 26-ին «Շարլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպը, ըստ մամուլի, հրահրել են հարկային ծառայության մի քանի պաշտոնյաներ, ինչպես նաև՝ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը:
Ակումբի տերերն իրենց հաճախորդներին փորձել են կարգի հրավիրել: Այցելուներն էլ նախ վիճաբանության են բռնվել նրանց հետ, հետո էլ` ծեծկռտուք սարքել:
Մանրամասներն՝ այստեղ