Մանվել Բադեյան. Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը լիիրավ անդամի կարգավիճակով
Հնարավոր է, որ Հայաստանը չստորագրի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագիրը հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք նիստում: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Մանվել Բադեյանը:
Նրա խոսքով` բանակցությունների ընթացքը ենթադրում է փոխադարձ համաձայնության հասնելու նպատակ, և եթե կողմերը չեն հասնում այդ նպատակին, հնարավոր է, որ պայմանագիրը չստորագրվի. «Ուղղակի ուզելով չի: Մենք խոսում ենք մեր և Ռուսաստանի մաքսային վարչարարության միջև որոշակի անհամամասնության մասին: Մենք տարբեր օրենքներով, նույնիսկ տարբեր բարքերով ենք աշխատում: Այստեղ մենք ներդաշնակեցնելու խնդիր չունե՞նք: Բա ինչի՞ մասին պիտի բանակցենք, եթե ոչ դրա մասին»:
Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, ըստ որի` Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո կարող է մեկ տարի չունենալ ձայնի իրավունք:
Անդրադառնալով այս հարցին` Մանվել Բադեյանը չհերքեց, որ այն արծարծվել է ՀՀԿ խորհրդի վերջին նիստում, սակայն ավելացրեց, որ այդ հարցն արդեն լուծվել է:
«Մաքսային միությունը, որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ 2015 թ. հունվարի 1-ին: Նշանակում է` Մաքսային միություն, որպես այդպիսին, այլևս չկա, կա Եվրասիական տնտեսական միություն, որին Հայաստանն անդամակցում է լիիրավ անդամի կարգավիճակով: Դա ենթադրում է, որ յուրաքանչյուր երկրից պարիտետային հիմքերով պիտի ներկայացված լինեն երեքական նախարարներ, բայց քանի որ բուն գործընթացը սկսվելու է 2016 թ., անիմաստ է Հայաստանի ներգրավումը մինչև 2016 թ.: Սա հարց է, որ բարձրացրել են ինչ-որ մարդիկ, երևի Ղազախստանը, բայց լուծումը հետևյալն է` ոչ, Հայաստանը լիիրավ մասնակցելու է հենց առաջին օրվանից»,- նշեց Մանվել Բադեյանը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, որ որ հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի կունենան բանակցություններ, որի շրջանակներում նախատեսվում է լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղըզստանի անդամակցության հարցը: