Զինվորին հալածել են` ստացած սննդամթերքը մենակ ուտելու համար. «Փաստինֆո»
Մարտական հենակետի գետնատնակի դիմաց զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով դատապարտվել է երկու ժամկետային զինծառայող: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Մասնավորապես` զինվորի մահվան գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Միսակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և դատապարտվել ազատազրկման` 4 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ Արտաշես Խաչատրյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով և 365-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով), և դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է քրեական պատասխանատվություն` ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, իսկ 365-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսվում` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար:
Ըստ մեղադրանքի` Արթուր Միսակյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետում, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերին պարբերաբար հալածել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սահակյանին, այն է` իրեն ուղարկված սննդամթերքը մենակ ուտելու համար սեռական բնույթի հայհոյանք է տվել, այնուհետև բջջային հեռախոսի մարտկոցը չտալու համար մեկ անգամ բռունցքով հարվածել վերջինիս կրծքավանդակին:
Մանրամասներն՝ այստեղ